Արարատ գյուղի մի քանի փողոցների բնակիչները ո՛չ ժամով, ո՛չ անժամ, ո՛չ ամիսը մեկ, ո՛չ էլ տարին մեկ ջրի երես չեն տեսնում, ջուրը գնում են փողով: Խորհրդային Միությունից՝ դեռ 1956 թվականից ժառանգություն մնացած այս խնդիրը չլուծվեց անկախության 20 տարիների ընթացքում, այս տարի էլ չի լուծվելու: Ընտրություններն էլ հարցում որևէ դրական փոփոխություն չեն մտցնում, գյուղապետի ընտրություններից ակնկալիքները զրոյական են, ցանկությունները՝ շատ, օրինակ՝ ուզում են լուծվի գյուղում ջրի խնդիրը և ի վերջո` գյուղապետի, իրենց բնորոշմամբ՝ գյուղի նախագահի փոփոխություն լինի:
Գյուղի տարեցներից մեկը հիշում է, որ 56 թվականից սկսած՝ ջուր չկա.«Երեխա էի, հիշում եմ, ջուր չեմ տեսել, մեկ տարի ջուր եկավ ու վերջ, գյուղը չունի, խանի պես զանիտ են արել, մենք էլ իրենց ֆառաշներն ենք»,- բողոքեց գյուղացին: Գյուղի բնակիչներից Գևորգ Փանոսյանն էլ կառավարությանը խորհուրդ տվեց գալ և մեկ շաբաթ Արարատ գյուղի Կոլխոզնիկների թաղում ապրել, տեսնել՝ քանի՞ օր, քանի՞ ժամ է հնարավոր առանց ջրի ապրել. «Չինովնիկները, որոնք նստած ուռցված թվերով են խոսում, ջուրն ամբողջությամբ թափվում է Ջերմուկում, Գառնիում և Ապարանում, իսկ մենք ջուր չունենք: Ներդրում չկա: Հարցը քննարկվում է, բարձրաձայնվում, բայց արդյունք չկա, գործը շոշափելի չէ: 50 տարի այս թաղում ջուր չկա, փոխարենը հեռուստացույցով անընդհատ տեղեկացնում են, թե որ փողոցում, քանի ժամ լույս կամ ջուր չի լինելու»,- վրդովված ասաց գյուղացին՝ վաղուց հույսը կտրած խնդրի լուծումից:
Գյուղում բացի ջրի խնդրից, առկա են ասֆալտապատման, ստորգետնյա կոյուղային ցանցի խնդիրներ: Գյուղացիները պատմում են, որ կոյուղային ցանցի բացակայության արդյունքում վարակի բուն հանդիսացող կեղտաջրերը լցվում են ոռոգելի դաշտերը, արդյունքում քաղաքացին չի իմանում ինչ բանջարեղեն է գնում: Բացի այդ, Արարատի մաքրման կայանքը 23 տարի է չի աշխատում:
Գյուղացիների համար մի հարց է մնում անպատասխան՝ ինչո՞ւ կողքի գինու գործարանն ունի ջուր, իսկ իրենք՝ ոչ:
Արարատի գյուղապետ Գրիշա Մելքոնյանն անհիշելի ժամանակներից գյուղապետ է: Վերջինս Վազգեն Սարգսյանի քեռին է, ու թեև հարգում են Վազգեն Սարգսյանին, բայց փոփոխություն են ուզում: Գրիշա Մելքոնյանը գյուղացիների դժգոհությունը կիսում է, սակայն սեպտեմբերի 9-ի ընտրություններից առաջ դրական տեղաշարժ այս առումով չի սպասվում: 50-ականներին, գյուղապետի խոսքով, ջուրը փորձել են բարձրացնել փողոցներով, սակայն չեն կարողացել: «Հիմա խնդրի լուծման մի տարբերակ կա. ես դիմել եմ մարզային ջրային տնտեսությանը, որ կարողանա գինու գործարանից, որը իր համար առանձին ջուր է քաշել, ջուր քաշել ճանապարհի այս կողմից այն կողմ, բայց գինու գործարանը չի համաձայնում, իսկ ջրային տնտեսությունը գրում է, որ սա մասնավոր ջուր է և չի կարող տրամադրել»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետին պատասխան նամակում մարզային ջրային տնտեսությունից հայտնել են, որ 2013թ. 8,5 կմ ծրագրի մեջ է մտել գյուղում ջրագիծ անցկացնելու հարցը: Մնում է սպասել մինչև 2013 թվականին ջրագծի անցկացումը, ու ջրի վիճակը կլավանա: Գյուղապետի խոսքով, կառավարությունն անտեսում է գյուղի կարևորագույն խնդիրը, իսկ գյուղապետարանն այդքան գումար չունի: «Ջրային տնտեսության վարչության պետի` Մելիքյանի հետ խոսել եմ, ասել է, որ 100 տոկոսով մյուս տարի անցկացնելու են»,- հավաստիացնում է գյուղապետը:
Սակայն գյուղացին չի հավատում ո՛չ ջրային տնտեսության, ո՛չ էլ գյուղապետի տված խոստումներին:











































