Ինչպես է լինում, որ որոշ մարդկանց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ֆինանսական չարաշահումներ են լինում կամ դատախազ է ինքնասպան լինում: Եթե Գուգարքի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի նախկին դատախազ, հանգուցյալ Արամ Գրիգորյանին ինքնասպանության հասցրած անձին չգտան, ապա Վանաձորի զորամասերից մեկի նախկին գանձապետ, երկու երեխաների մայր Գայանե Փահլևանյանը Սերժ Սարգսյանին և իրավասու մյուս անձանց հասցեագրած բողոքում նշել է այն պաշտոնյաների մոտավոր շրջանակը, որոնց գործողությունների արդյունքում ինքը կարող է ինքնասպանության դիմել: Նա արդեն մեկ անգամ դիմել է նման քայլի, երբ իմացել է, որ իրեն դատապարտել են 5 տարվա ազատազրկման, սակայն նրան հասցրել են փրկել մոտակայքում գտնվող մարդիկ…
Գայանեին, ում երեխաներից մեկը քաղցկեղով հիվանդ է, մյուսը՝ ուսանողուհի, այժմ՝ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր պահին կարող են կալանավորել: Արդարություն չգտնելով նախաքննական մարմնում և դատարաններում` Գայանեն մի վերջին հույսով բողոք է ուղարկել երկրի առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին, գլխավոր զինդատախազին, արդարադատության նախարարին և ՄԻ պաշտպանին և խնդրել պաշտպանել իրեն անարդար պատժից, քանի որ մի շարք հանգամանքներ անտեսելով հանդերձ՝ նույնիսկ համաներմամբ չեն կրճատել այդ պատժաչափը, որ կարողանա երեխաներին խնամել: Նրան դատապարտել են պաշտոնեական դիրքն օգտագործելով զորամասից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար, իսկ ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր տվել: Գայանեն անհնարին ոչինչ չի ուզում, ասում է՝ «ինչ արել եմ՝ հրամանատարների հետ», բայց կարող եմ ուղղվել՝ առանց ազատազրկվելու, որովհետև հասցված մոտ 12,5 մլն դրամ ընդհանուր վնասից համապարտության կարգով և պարտք անելով վերականգնել եմ իմ բաժինը (նույնիսկ ավելին)՝ մոտ 5,5 մլն դրամը: Բայց նույնիսկ այդ պարագայում չեն ուզում պատիժը պայմանականորեն կիրառել:
Ի դեպ, հրամանատարներին միայն այս տարի են դատում, իսկ Գայանեի դատը շատ ավելի վաղ են սկսել, և վերջերս Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել Գայանեի պաշտպանի բողոքը: Արդեն Ս. Սարգսյանին ուղղված բողոքում Գայանեն նշել է. «…Խախտումների արդյունքում կայացված դատական ակտը, ծանր հետևանքներ Է առաջացնում իմ և երեխաներիս համար, քանի որ 5 տարի պահվելով անազատության մեջ` զրկվելու եմ վատառողջ որդուս և ուսանող աղջկաս խնամելու հնարավորությունից, խորանալու են իմ խրոնիկական հիվանդությունները, որոնք կարող են առողջությանս անուղղելի վնաս և տառապանք պատճառել: Ելնելով վերոգրյալից, հարգարժան պարոնայք, խնդրում եմ Ձեր աջակցությունը իմ իրավունքների և օրենքների խախտումները վերացնելու, իմ գործով արդար քննություն իրականացնելու և ինձ անարդար պատժից ազատելու համար»:
Բողոքում հիշատակվում են ՀՀ ՊՆ ՔԾ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Աղումյանի անունը, ավելի վաղ «Առաջին լրատվական»-ին ուղարկած նամակում Գայանեն նշել էր նաև Գուգարքի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի պետ Թևոս Միրզաբեկյանի անունը, ով հաշվի չի առել իրեն արդարացնող, մեղքը թեթևացնող փաստարկները՝ գումարը թողնելով մոտ 10 մլն: «Հայրիկիս հետ գնացել ենք Լոռու կայազորի գլխավոր դատախազ Միրզաբեկյանի մոտ, ներկայացրել եմ բոլոր ապացույցները, անգամ այդքանը տեսնելով՝ անհիմն պատճառաբանություններ էր անում. նա քաջ տեղյակ է ամեն ինչից, թե ինչ են արել դատախազը և քննիչը… իմանալով նա չի կանխել»,- նամակում իրավիճակը ներկայացրել էր Գայանեն՝ նշելով, որ ամեն ինչ բարդել են իր վրա: Հետո Գայանեն նամակում պատմում է իրավապահների՝ ինքնասպանության «դրդող» ճնշումների մասին. «…Ես շատ շփոթված էի, ինձ կորցրած, ինձ հոգեպես ճնշելով ստիպողաբար գրել և ստորագրել եմ Ջիվան Երեմյանի (ՊՆ աշխատակազմի ՖՏՎ ՀՍԲ գլխավոր մասնագետ) թելադրածը, … չբացատրելով, թե ինչ է իրենից ներկայացնում նյութը: Հետո ինձ կանչեցին շտաբի պետի սենյակ, և Ջ. Երեմյանը անպարկեշտ պահելով իրեն՝ գոռում էր, անվայել խոսքեր ասում, մեղադրելով և ամենը ինձ վրա բարդելով. այն աստիճանի ծանր հոգեվիճակի էին հասցրել, որ ցանկացա կյանքիս վերջ դնել»:
Իսկ գուցե նույնկերպ ճնշել էին նաև այս տարածքի նախկին դատախազներից մեկի՞ն, ով այլ դատախազություն տեղափոխվելուց մեկ ամիս անց ինքնասպանության էր դիմել: Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 16-ին իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանություն էր գործել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանը: Դատախազի դիակը հայտնաբերվել էր նրա մոր գերեզմանի մոտ՝ ժամը 13-ի սահմաններում: Ըստ դատախազության հաղորդագրության՝ Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի նստատեղի վրա եղել էր գրություն` հետևյալ բովանդակությամբ. «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել և ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ»: 37-ամյա Գրիգորյանի գլխի քունքային շրջանում հրազենային մեկ վնասվածք էր հայտնաբերվել, դիակի նախնական զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չէին եղել: Քրգործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, իսկ թե ով էր ինքնասպանության հասցրել՝ մինչ օրս հայտնի չէ: Բայց ուշագրավ է, որ դեպքից օրեր առաջ Արամ Գրիգորյանը հանդիպել էր նախկին վերադաս Թևոս Միրզաբեկյանին և զրուցել, իսկ արդեն դեպքից հետո Միրզաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Արամին բնութագրել էր որպես հավասարակշռված մարդ, ով իր գործում արդեն հմտացած էր և Երևան էր տեղափոխվել սեփական դիմումի համաձայն՝ ընտանիքով, որպեսզի արդեն դպրոցն ավարտող երեխային մայրաքաղաքում միայնակ չթողնի: Երևանում բնակվել էին կնոջ ծնողների տանը: Իսկ ինչ վերաբերում է Գրիգորյանի սոցիալական վիճակին, ապա Միրզաբեկյանն ասել էր. «Չեմ կարող ասել, որ ճոխ [էին ապրում], բայց, երեխաները սոված չէին, նորմալ վիճակում էին»: Սակայն դրան հակասում, բայց ինչ-որ տեղ գուցե հասկանալի են դարձնում դեռ այն ժամանակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Ա. Գրիգորյանը պարտքեր է ունեցել, մի շարք ապօրինություններ է «արել»: Նա հանցագործություններ կատարած զինվորականների ծնողներից գումարներ է «շորթել» հանցագործությունները կոծկելու համար, սակայն պարզվել է՝ այդ գործերին անգամ ծանոթ չի եղել և որևէ խոստում չի կատարել:
Եթե հանցանքները կոծկելու տեղեկությունը թեկուզ մասամբ ճիշտ է, բայց այդ գործերում Ա. Գրիգորյանը իրական դերակատարը չի եղել, և եթե ճիշտ է նաև Միրզաբեկյանը՝ Ա. Գրիգորյանի սոցիալական վիճակի առումով, ապա չի բացառվում, որ նա էլ Գայանե Փահլևանյանի նման տուժողներից մեկն է, ում ձեռքերով «տաք շագանակներ» հանելուց հետո համակարգի կոլեգաները ուղղակի «փուռն են տվել» նրան. օրինակ՝ հանցանք կատարածների ծնողներին խոստումները Արամի միջոցով են տվել, փողերը նրա միջոցով առել, բայց քանի որ հետո անհետ կորած փողերից մեծ աղմուկ կարող էր առաջանալ, չի բացառվում, որ ինչ-որ անձինք հավասարակշռված Արամին երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կամ Գայանեի պես «չկերած» փողը փակվել, կամ դատվել, որի արդյունքում նրա տան վրա կարող է բռնագանձում տարածվել, իսկ ընտանիքը հայտնվել դրսում… Բայց Արամն ընտրել է երրորդ տարբերակը՝ փողը չփակվել, ընտանիքին չզրկել տանիքից, այլ ինքնասպանություն գործել՝ իր հետ տանելով զինդատախազության «մեղքերի» մի մասը: Տպավորությունն այդպիսին է:
Նույն Թևոս Միրզաբեկյանի անունը շոշափվում է մեկ այլ քրեական գործով՝ որպես մեղադրող: Խոսքը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող Իջևանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի գործի մասին է: Ըստ մեղադրանքի՝ Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ, այդ թվում՝ զինվորական հաշմանդամ Բագրատ Նազինյանի 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ: Բացի այդ, նա քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ էր վերցրել…
Այդուհանդերձ, նկատենք, որ հայաստանյան իրականության մեջ եթե պաշտոնյաները պետական կամ մասնավոր անձանց փողն «ուտում են», ապա դրանից սովորաբար սնվում են ներքևից վերև: Դրան հավելենք ուշագրավ 2 հանգամանք, գուցե՝ զուգադիպություն. 2011-ի հոկտեմբերին Հայաստանի Անկախության հռչակման տոնի առթիվ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ անձանց, գեներալ-լեյտենանտի կոչում տվեց նաև Լոռու կայազորի զինվորական դատախազ Թևոս Միրզաբեկյանին: Մամուլում հայտնված երկրորդ ուշագրավ տեղեկությունն այն էր, որ Լոռու մարզի կայազորի զինդատախազ Թ. Միրզաբեկյանը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի փեսան է: Ըստ տարբեր հրապարակումների՝ Հ. Հովսեփյանը և նրա հարազատները բնակարաններ էին ձեռք բերել Արամի 72-80 հասցեների նորակառույցներում: Կոնկրետ Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ: Ըստ «Հետք»-ի՝ անձամբ Հ. Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ և 1 բիզնես տարածք: Ըստ Հ. Հովսեփյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ լրագրողները պարզել էին, որ նա այդ տարում 110 միլիոն դրամով ձեռք է բերել շենք-շինություն և հողամաս…Հ. Հովսեփյանը 2011թ. ունեցել է 29 միլիոն 664 հազար դրամի եկամուտ, որից 3 մլն 444 հազարը աշխատավարձն ու դրան հավասարեցված այլ վճարումներն են…Հետաքրքիր է, որ 2011թ. սկզբին նա ունեցել է ընդամենը 2 միլիոն 400 հազար դրամ, սակայն տարեվերջին գումարի չափը հասել է 117 միլիոն դրամի: Իսկ նրա դոլարային արտարժույթը տարվա սկզբում եղել է 1 միլիոն 270 հազար, իսկ տարեվերջին` 2 միլիոն 270 դոլար:
Հ. Գ. Հետաքրքիր է՝ պետության անհետացած փողերի, նշյալ քրգործերի, ինքնասպանությունների, ինքնասպանության փորձերի և վերոնշյալ պաշտոնյա ազգականների կտրուկ հարստացման մեջ ի՞նչ կապ կարող է լինել: Իսկ որոշ միամիտներ Սերժ Սարգսյանին բողոք ու նամակ են գրում իրենց ոտնահարված իրավունքների մասին, որոնց մեծ մասը ամենայն հավանականությամբ հայտնվում է վերահսկողականում: Հիմա, օրինակ, եթե Միրզաբեկյանից բողոքեք՝ վերահսկողականը կպատժի՞, թե՞ Հովսեփյանը մի նոր բնակարան ձեռք կբերի… Կապրենք՝ կտեսնենք…Գայանեի հույսը կարդարանա՞, թե՞…








































