«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ դեմ առ դեմ խոսակցություն է ծավալվել Հունգարիայի փոխվարչապետ, ադմինիստրացիայի և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչի և ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: Դա տեղի է ունեցել Լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում բացված 22-րդ տնտեսական ֆորումի ընթացքում: Սեմինար-քննարկումներից մեկի ժամանակ, երբ Նավրաչիչը զեկույց է կարդացել Եվրոպայում էլեկտրոնային դատարանների հեռանկարների մասին, Փաշինյանը ձայն է խնդրել և նրան առաջադրել հետևյալ հարցերը.
– Պարոն Նավրաչիչ, քիջ առաջ դուք ասում էիք, որ էլեկտրոնային դատարանը արդարադատության թանկարժեք տեսակ է: Ես ուզում եմ ձեզ հարցնել արդարադատության մեկ այլ «թանկարժեք» տեսակի մասին: Մի քանի օր առաջ դուք որոշում եք ստորագրել Հունգարիայի դատարանի կողմից 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Ադրբեջանի մայրաքաղաք հասնելուն պես` Սաֆարովը ազատության մեջ է հայտնվել: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ Սաֆարովը 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սպանել է Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին: Նրանք, որպես իրենց երկրների զինված ուժերի սպաներ, մասնակցելիս են եղել անգլերենի դասընթացների, ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Սաֆարովը կացնահարել է Մարգարյանին, երբ վերջինս, ոչնչի մասին չկռահելով, քնած է եղել սեփական անկողնում:
Պարոն Նավրաչիչ, պատասխանեք խնդրեմ.
– ինչպե՞ս եք կայացրել Սաֆարովի արտահանձնման որոշումը, չէ՞ որ դուք չէիք կարող չիմանալ, որ հայ սպային սպանելուց հետո Սաֆարովին իր հայրենիքում պատվում էին ինչպես ազգային հերոսի, և նրա ներումը ավելի քան կանխատեսելի էր: Ինչո՞ւ էր անհնար Սաֆարովի պատժի հետագա կրումը Հունգարիայում:
– Արդյո՞ք դուք դատապարտում եք Ադրբեջանի նախագահին, որ ստորագրել է հունգարական դատարանի կողմից դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված անձի ներման որոշումը: Չե՞ք կարծում, որ դա անհարգալից քայլ է հունգարական դատարանի նկատմամբ:
– Ի՞նչ կասեք լրատվամիջոցների այն հրապարակումների մասին, ըստ որոնց` Ադրբեջանը վճարել է ձեզ` Սաֆարովին ազատելու համար:
– Ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել, որպեսզի հունգարական դատարանի որոշումը հարգվի: Մտադի՞ր եք արդյոք Սաֆարովին բանտ վերադարձնելուն ուղղված քայլեր անել, օրինակ` նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել կամ ինչ-որ ուրիշ բան:
Այս հարցաշարին ի պատասխան` Սաֆարովի արտահանձնման որոշումը ստորագրած Նավրաչիչը ընդամենը երեք նախադասություն է արտաբերել. «Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել միջազգային փաստաթղթերի հիման վրա: Ադրբեջանը երաշխիքներ էր տվել, որ նա ինչ-որ ժամանակ կմնա բանտում: Այդ Ադրբեջանին է պետք հարցնել, թե ինչու են ազատ արձակել նրան»:
Այս պատասխանից հետո վարողը նիստը փակված է հայտարարել:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը Կրինիցայի ֆորումին մասնակցում են կազմակերպիչների հրավերով: Երեկ Կրինիցայի տնտեսական ֆորումը պաշտոնապես բացել են Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և Խորվաթիայի նախագահ Իվո Իոսիպովիչը: