Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել նշված նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կապակցությամբ առկա խնդիրները։
ՀՀ վարչապետը ասել է, որ կառավարությունը պարտավորվել էր ժամանակավոր անաշխատունակների և կանանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել այս հարցը։ Խնդիրը, ըստ նրա, հետևյալն է. լինում էին դեպքեր, երբ հղի կինը մեկ օրվա ընթացքում բարձր աշխատավարձով աշխատանքի էր ընդունվում` հավակնելով բարձր նպաստի։
«Սա նշանակում էր պետության գրպանը մտնել, ինչը թույլ չտալու մեր լուծումը բավականաչափ կոպիտ էր։ Այնուամենայնիվ, չարաշահումները դադարեցին, բայց վտանգվեցին մեկ այլ խմբի` իրականում բարձր վարձատրվող կանանց շահերը: Սույն նախաձեռնությամբ մենք կարգավորում ենք այս հարցը։ Հաշվարկը կատարում ենք 12 ամսվա կտրվածքով։ Օրենքը կունենա նաև հետադարձ ուժ, ուստի Ազգային ժողովին առաջարկում ենք անհետաձգելի համարել այն»,- ասաց նա։