Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ:
Հանդիպումից հետո Մերաբիշվիլին վրացի լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Վրաստանում ազնիվ ու արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին բխում է ժողովրդի շահերից. «Մենք (Ռոմպեյի ու Ֆյուլեի հետ) զրուցել ենք բարեփոխումների շարունակման, ինչպես նաև ազատ առևտրային գոտու ձևավորման, ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին:
Մենք ընդգծեցինք, որ Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել այդ հարցերում: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ կավարտվեն դրանց վերաբերյալ բանակցությունները, ինչը մեծ օգուտ կբերի վրաց ժողովրդին: Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ եվրոպական կառույցներին ինտեգրվելը:
Մենք քննարկել ենք նաև Վրաստանում նախընտրական իրավիճակն ու հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հարցը: Մենք եկել ենք համաձայնության, որ ազնիվ ու արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին բխում է Վրաստանի շահերից, քանի որ եվրոպական կառույցներին ինտեգրվելը մեծ օգուտ կբերի Վրաստանի ժողովրդին»:










































