«Գալիք նախագահական ընտրությունները լինելու են ոչ թե ներկայի ու ապագայի միջև, այլ ներկայի ու անցյալի միջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը` ներկայացնելով նախագահական ընտրությունների իր վերլուծությունը:
Նա նկատեց, որ այդ եզրահանգմանն է եկել, քանի որ քաղաքական թատերաբեմում չի տեսնում որևէ մարդու, որը կներկայացներ քաղաքական ապագան:
«Ամենամեծ ինտրիգն այն է, թե արդյոք ընտրություններին կմասնակցի՞ երկրորդ նախագահը: Վերլուծաբանները հակված են մտածելու, և դա հիմքեր ունի, որ եթե Ռ. Քոչարյանն առաջադրվի նախագահական ընտրություններին, ապա ընտրություններին կհաղորդի սրություն և մրցակցության բավականին կոշտ երանգներ: Ես նրա մասնակցության հավանականությունը գնահատում եմ 70-80 %,- մեկնաբանեց քաղաքագետը` շարունակելով,- եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի ընտրություններում բոլոր հիմքերը կան, որ նոր մարդիկ մասնակցեն ընտրություններին, ապա Ռ. Քոչարյանի վերադարձը նախագահի պաշտոնին քիչ հավանական է»:
Քաղաքագետի համոզմամբ` այս ընտրությունները Ռոբերտ Քոչարյանի համար ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորություն են:
Հարցին` Ռ. Քոչարյանը կարո՞ղ է դառնալ վարչապետ, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց` Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Ռ. Քոչարյանի համար վարչապետի հեռանկար չի տեսնում. «Պարզ պատճառով` երկու գլուխ մի կաթսայում չի եփվում»:








































