Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հրամայել է իրականացնել այն զինվորականության զանգվածային գնդակահարությունը, որոնք հրաժարվել են կրակել ժողովրդի վրա: Հեռուստաընկերությունների ցուցադրած կադրերն ապացուցում են դա: Կադրերից մեկում երևում է, որ Բենղազիի մոտակա քաղաքներից մեկում գետնին տասնյակ ոստիկանների դիակներ են, որոնք, ձեռքները շղթայված, ընկած են պատերի տակ:
Քադաֆին նաև հրամայել է շարքից հանել պետական նավթարդյունաբերական բոլոր հզորությունները: Տեղեկություններ կան, որ այս ամենից հետո բերբերական, արաբական, տուարեգների մի շարք ցեղեր և ցեղամիավորումներ հրաժարվել են Քադաֆիի հետ համագործակցելուց: Դրանց թվում է նաև Քադաֆիի ցեղի մի շարք ավագներ, որոնք անցել են ցուցարարների կողմը:
Միջազգային հանրությունն էլ է փորձում կանգնեցնել արյունահեղությունը: Այս պահին քննարկվում է Լիբիայի ղեկավարի և նրա ընտանիքի դեմ որոշակի պատժամիջոցներ մտցնելու հարցը: Երեկ ՄԱԿ-ը Քադաֆիի աղջկան` Աիշային, զրկել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչումից: