Ներքին տնտեսական և սոցիալական քաղաքականությունը տապալած ՀՀ գործող իշխանությունները կիրառում են երկիրը թալանելու, հայ աշխատավորին ունեզրկելու և հալածելու բոլոր միջոցները:
Դրա ապացույցը մանր ու միջին գործարարությանն աջակցելու ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական ստորացուցիչ ու կեղեքիչ վարկային քաղաքականությունն է: Տարիներ շարունակ միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններից ու դոնոր երկրներից արտոնյալ պայմաններով ստացված վարկերը կառավարության միջնորդությամբ`բանկային կազմակերպությունների կողմից բարձր, հաճախ նաև թաքնված, վաշխառուական տոկոսադրույքներով տրամադրվել են գյուղացիական տնտեսություններին: Վարկային միջոցները ստանալու դիմաց գրավ են դրվել հայ աշխատավորների անշարժ գույքը` բնակարաններն ու սեփականշնորհած հողերը: Վերջին տարիներին շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների ու երկրում բիզնես անբարենպաստ միջավայրի արդյունքում նրանց գրավադրված ողջ գույքն անցել է բանկերի տրամադրության տակ: Դա հատկապես վերաբերում է լեռնային, բարձրլեռնային ու ՀՀ սահմանամերձ շրջանների համայնքների բնակչությանը: Ավելին, կուտակած վարկերը մարելու պատրվակով գյուղապետերը իրենց շահադիտական նպատակներով ունեզրկված համագյուղացիներին ներգրավում են նոր վարկային պարտավորությունների մեջ` մեծացնելով նրանց պարտքերը:
Ստեղծված իրավիճակում հանրապետության գյուղական բնակչության մեծ մասն ունեզրկվել է, ինչը երկիրը լքելու գլխավոր դրդապատճառն է: Սահմանամերձ և հեռավոր տարածքների դատարկումը ՀՀ ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, ուստի պետք է թալանչիական տոկոսադրույքներով բիզնես վարկերի տրամադրումը անհապաղ կասեցվի: Ավելի կարևոր է վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը և դրանք գյուղատնտեսության ոլորտի իրական շահութաբերության միջին մակարդակին համապատասխանեցումը, ֆինանսա-վարկային կազմակերպություններին վարկառուների պարտքերի վերակառուցումը:
Նշված ծրագրերի շրջանակներում ֆինանսա-վարկային կազմակերպությունների սեփականությանն անցած գույքն անմիջապես և առանց վերապահումների պետք է վերադարձվի իրենց նախկին սեփականտերերին` փոխհատուցելով ֆինանսա-վարկային կազմակերպությունների կրած վնասները:
«Ժողովրդի իշխանություն»