1990-ականների վերջերին Ռուսաստան եկած ներդրումային հիմնադրամները աստիճանաբար դադարեցնում են իրենց գործունեությունը երկրում:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Ռուսաստանից դուրս գալու մասին որոշում է կայացրել հերթական ներդրումային հիմնադրամը` ամերիկյան Third Millennium Russia-ն, որը երկրում աշխատում էր 1998-ից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից փաստացի հեռացել է շվեդական Vostok Nafta-ն, որը ներդրումներ էր կատարում ՌԴ-ում 1996-ից: Ինչ-որ ժամանակ Vostok Nafta-ն եղել է «Գազպրոմի» խոշորագույն բաժնետերերից մեկը:
Արտասահմանցիները Ռուսաստանից հեռանում են Եվրոպայում պարտքային ճգնաժամի հետևանքով: Համաշխարհային շուկայում անկայունության պատճառով ներդրողները չեն ցանկանում ներդրումներ կատարել ռիսկային շուկաներում:
Բացի այդ, ռուսական շուկան նպաստավոր չէ ներդրումների համար. РТС ինդեքսը 2012 թ. առաջին կեսին ընկել է 29 տոկոսով։