Նախորդ տարեվերջին` դեկտեմբերին, ՀՀԿ 20-ամյակի ելույթում Սերժ Սարգսյանն ուղղակի սարսափահար արեց կոռուպցիային՝ հայտարարելով, որ այն երկրի առաջ կանգնած գլխավոր խնդիրն է, և դրա դեմ պայքարը պետք է անզիջում ու էլ ավելի հետևողական լինի: Եվ ահա, մենք տեսնում ենք, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի «խոսքը գործ է». Սպիտակում մի պոլիկլինիկայի բժիշկ է ձերբակալվել 35 հազար դրամ կաշառք վերցնելու համար:
Սա ուղղակի հուժկու հարված է կոռուպցիային և կաշառակերությանը, որ հասցնում է Սերժ Սարգսյանը: Եվս մի քանի այդպիսի բժշկի ձերբակալություն, և Հայաստանը շատ արագ վերածվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանիշ երկրի, իսկ Սերժ Սարգսյանին էլ երևի թե Նոբելյան մրցանակ կտան` ավանսով, որ նա կոռուպցիայի դեմ նման գերարդյունավետ պայքարի իր մեթոդները փոխանցի համայն մարդկությանը:
Իսկ եթե լուրջ, ապա կոռուպցիայի դեմ Սերժ Սարգսյանի պայքարը հիշեցնում է հայտնի անեկդոտի վերջաբանը, երբ խավարասերներին տնից քշող մարդը վերջին պահին ժպտում է, իսկ տունը վերջինը լքող խավարասերն էլ հասցնում է տեսնել ժպիտն ու բացականչել՝ «Տղերք, շուլուխ ա անում, հետ եկեք»:
Հայաստանում, իհարկե, շատ լուրջ է գրեթե բոլոր ոլորտների ստորին օղակներում տիրող կոռուպցիոն վիճակը, կաշառակերությունը: Այդ երևույթները քաղցկեղի նման տարածվել են պետական և հանրային օրգանիզմով մեկ, և անհրաժեշտ է դրանք վերացնել: Բայց ամբողջ հարցն այն է, որ ստորին օղակներում առկա վիճակը ընդամենը հետևանքն է միջին օղակներում տիրող իրավիճակի, իսկ միջին օղակներում տիրող վիճակն էլ ընդամենը հետևանքն է ամենավերին օղակում առկա վիճակի:
Հետևաբար, քանի դեռ ամենավերին օղակում կոռուպցիան և կաշառակերությունն արմատախիլ արված չեն, քանի դեռ այդ օղակում չկա լուրջ պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ, միջին և ստորին օղակներում իրավիճակը չի կարող փոխվել:
Ավելին, եթե նույնիսկ մահակի կամ գնդակահարության սպառնալիքի տակ էլ այդ օղակներում դադարեն կաշառք վերցնելուց, միևնույն է, երկրում կյանքի որակ չի կարող փոխվել, քանի որ գլխավոր կոռուպցիոներները ամենավերին օղակում հավաքված անձինք են, որոնց շեյխին վայել կյանքը որևէ կերպ համեմատության մեջ չի կարող մտնել նրանց ստացած օրինական վճարների հետ:
Երկրի հարստությունը, երկրի պոտենցիալը մսխվում է ամենավերին օղակում տիրող կոռուպցիայի և կաշառակերության հետևանքով, իսկ միջին ու ստորին օղակներում ընդամենը տնօրինում են փշրանքները:
Հիմա իշխանությունը փորձում է այդ օղակներին փշրանքից զրկել՝ հասարակությանը ցույց տալու համար, թե՝ տեսեք, պայքարում ենք կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Սա աճպարարություն է, պարզունակ և դատարկ աճպարարություն, որով նույնիսկ անգրագետներն արդեն չեն խաբվի:
Քանի դեռ կոռուպցիայի համար հրապարակային պատասխանատվության չի ենթարկվել որևէ բարձրաստիճան պաշտոնյա, Սերժ Սարգսյանի հռչակած կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող ավելին լինել, քան անեկդոտը:
Միայն այն տարբերությամբ, որ այդ անեկդոտն ամենևին էլ ծիծաղելի չէ, քանի որ խոսքը կոռուպցիոն քաղցկեղից քայքայվող պետության ճակատագրի մասին է: