Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ամերիկացի հայտնի լրագրող և հեռուստամեկնաբան Լարի Քինգը, որն ավարտեց իր ավելի քան 25 տարի տևած գործունեությունը CNN ալիքում, ապրիլ ամսին կսկսի իր շքերթն ամերիկյան քաղաքներով, որտեղ կներկայացնի հումորային փոքրիկ ներկայացումներ:
Ինչպես հայտնել է Base Entertainment պրոդյուսերական ընկերությունը, 77-ամյա Լարի Քինգի ներկայացումները կսկսվեն ապրիլի 14-ից Կոնեկտիկուտ նահանգի Տորինգտոն քաղաքում: Լարի Քինգի «Հայտնություն» փոքրիկ ներկայացման մեջ հեղինակը պատմում է Բրուկլինում անցած իր մանկության և պատանեկության մասին, ինչպես նաև իր լրագրողական կյանքի մասին:
Եթերի չթագադրված թագավորի հետ շփվել և հարցեր տալ կարող են Ատլանտիկ Սիթիի, Լաս Վեգասի և այլ քաղաքների բնակիչները: Անցյալ տարի դեկտեմբերին լրագրողն ավարտեց իր Larry King Live հեռուստաշոուն, որը իր երկարակեցության համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Հեռուստահաղորդավարն ավելի քան 50 հազար հարցազրույց է ունեցել հայտնի մարդկանց հետ, այդ թվում նաև` նախագահների:
Ավարտելով իր 25-ամյա կարիերան` Քինգն ասել է, որ ցանկանում է իր ժամանակի մեծ մասն անցկացնել իր ընտանիքի հետ, սակայն վերջին եթերի ժամանակ նա ասել է, որ հեռուստադիտողները կրկին նրան կտեսնեն հեռուստաէկրաններից, սակայն ոչ այս ծրագրի շրջանակներում: