Վանաձորի քաղաքապետը հերքում է, որ Կարեն Թումանյանի քարոզարշավի խոչընդոտողն իր թիմակիցն է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն` անդրադառնալով երեկ Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական քարոզչության ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Ըստ գործող քաղաքապետի` բանսարկություններ պետք չէ անել: Սամվել Դարբինյանը հստակեցրեց, որ խոչընդոտողն իր թիմակիցներից չէ, նախընտրական արշավին ընդհանրապես մասնակից չէ, այլ բարեկամ է: «Մարդ է, մտածել է, որ կարող է այդ տեսագրությունը ցույց տան, և իր հարազատները կարծեն, թե ինքը գնացել է մյուս թեկնածուի դաշտը, այսքան բան, և նա պատմություն է սարքել, իր գործն է: Եթե մարդն ասում է՝ ինձ մի նկարեք, նշանակում է՝ քարոզչությանը խոչընդոտո՞ւմ է: Մարդն ընդամենն ասել է, որ իրեն տեսագրիչով չնկարեն, ու իրենք դա պատմություն են դարձրել»,- մեկնաբանեց Սամվել Դարբինյանը` հավելելով, որ բոլոր թեկնածուների հանդեպ հարգանքով է տրամադրված, մնում է, որ իրենք իրենց հարգեն առաջին հերթին:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիմակիցները խոչընդոտել են քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական քարոզչությունը: Կարեն Թումանյանը Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ, որի ժամանակ կոպիտ ձևով փորձել էին խոչընդոտել նախ` Կարեն Թումանյանի ու բնակիչների հանդիպումը, հետո նաև լուսաբանման համար նկարահանող «Լոռի» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը: Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարեն Թումանյանը տեղի ունեցածը դիտավորություն էր որակել:
Նշենք, որ վերջինս ոստիկանության Վանաձորի բաժնում արդեն հաղորդում է ներկայացրել կատարվածի վերաբերյալ, և, ըստ իր տեղեկությունների, հաղորդման հիման վրա արդեն կան ձերբակալվածներ:









































