ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հանրային կապերի և մամուլի հարցերով պատասխանատու Պետո Տեմիրճյանի հաղորդմամբ` Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին կընդունի աշնան սկզբին: Այս մասին օգոստոսի 25-ին տպագրվել է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթում:
Ինչպես հայտնի է, Պատժելիության նոր օրինագիծի մասին Օլանդի նախընտրական խոստումների և հատկապես Լորան Ֆաբիուսի ու Ահմեդ Դավութօղլուի` Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդ օրինագիծի ապագայի մասին Ֆրանսիայի արտգործնախարարի մտահոգիչ արտահայտություններից հետո հայտարարվել էր, թե Ֆրանսիայի նախագահը հայերի պատվիրակներին ընդունելու է հուլիսի վերջին: Այդ հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ: «Պատճառներից մեկը Օլանդի գերզբաղվածությունն էր»,- ընդգծել է Տեմիրճյանը:
«Օլանդի հետ հանդիպման ընթացքում պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի վերամշակման հարցը: Նախագահն արդեն վերահաստատել է նոր օրինագիծ ներկայացնելու` նախընտրական շրջանում արած իր խոստումը»,- հիշեցրել է Տեմիրճյանը: