ԵԽ Նախարարների կոմիտեի` 2007թ. փետրվարին Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ընդունած բանաձևում ընդգծվել է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ շարունակում է գերակշռել հանդուրժողականության մթնոլորտը:
Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններն ազատ են ձևավորել ԶԼՄ-ներ, հրապարակել թերթեր, ամսագրեր և բուկլետներ: Սակայն, ցավոք, նրանցից ոչ բոլորին է սա հաջողվում: ՀՀ ազգային փոքրամասնությունների մամուլին պետական ֆինանսավորում, իհարկե, հատկացվում է, սակայն մինչ այդ դրանցից յուրաքանչյուրը 2 տարի պետք է գործի սեփական միջոցներով: Եվ հենց սա է պատճառը, որ, օրինակ, ասորիները ներկայումս Հայաստանում մամուլ չունեն:
Հայաստանի Հանրապետության 2003թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածի և կառավարության 2003թ. փետրվարի 6-ի որոշման համաձայն` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Ոչ պետական մամուլի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված է բավարար չափով հատկացումների բաշխում փոքրամասնություններին մամուլի հրատարակման համար։ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գրահրատարակչության գործակալությունն էլ վերջին տարիներին տարեկան մեկ միլիոն դրամից ավելի գումար է հատկացնում ազգային փոքրամասնությունների մամուլի տպագրությանը։
ՀՀ կառավարությունն այժմ պետական աջակցություն է տրամադրում ազգային և էթնիկ փոքրամասնությունների 8 անուն թերթերի և 2 անուն ամսագրերի: Այդ սուբսիդիաներով տպագրվում են եզդիական «Լալըշ», «Էզդիխանա« (Եզդիների ձայն), քրդական «Ռյա թազա» (Նոր ուղի) և «Զագրոս», վրացական «Իվերիա», ուկրաինական «Դնիպրո Սլավուտիչ», ռուսական «Նովոյե վրեմյա», հրեական «Մագեն Դավիթ» (Դավիթի վահան), հունական «Բյուզանդական ժառանգություն» և լեհական «Պուկի մի ժիվյեմի» ամսագրերը։
Լուրջ պահանջներ` որպես այդպիսին, դրված չեն նշված մամուլի միջոցների առաջ, քանի որ պետական ցանկացած պահանջ այս դեպքում կարող է դիտվել որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում, ինչից էլ զգուշանում է ՀՀ կառավարությունը: Իսկ մամուլի այս միջոցների հիմնական պարտավորությունները հետևյալն են. ամսագրերը պարտավոր են հրատարակվել տարեկան նվազագույնը 4 անգամ, իսկ թերթերը` նվազագույնը 12 անգամ և դրանցից` հայերեն լեզվով տպագրվող յուրաքանչյուրը պետք է ունենա գոնե 1 սեփական լեզվով էջ:
Սակայն կա այստեղ մի խնդիր, որն առավել ցայտուն է արտահայտված ՀՀ ազգային փոքրամասնությունների մամուլի դեպքում, և որի մասին ցավով են խոսում որոշ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Գուցե հենց կառավարության կողմից` փոքրամասնությունների մամուլի առջև որոշակի պահանջներ չդնելու հետևանքն է ստեղծված այն իրավիճակը, երբ փոքրամասնությունների մամուլի միջոցներից մի քանիսը իրենց յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ լույս տեսնող համարում կամ մի քանի ամիս առաջ լույս տեսած նյութերն են դնում, կամ էլ անիմաստ կնունք-ծնունդների մասին նյութեր` փոխարենը խոսելու, որպես ազգային փոքրամասնություն, իրենց առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և հատկապես ազգապահպանության խնդրի մասին: