Լիբիայում դադարեցվել է նավթարդյունահանումը: Այսպիսի տեղեկություն են տարածել մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում` BBC-ն և Al-Arabia-ն: Նավթավերամշակման, ինչպես նաև նավահանգիստներում նավթի բարձման և առաքման աշխատանքները նույնպես դադարեցված են: Այս պահին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում նավթարդյունահանող երկրները քննարկում են նավթի ծավալների մեծացման խնդիրը, որպեսզի լիբիական նավթի առաքման դադարեցումը և, որպես հետևանք, պահանջարկի մեծացումը չհանգեցնեն նավթի գների կտրուկ աճին:
Լիբիան նաև Եվրոպա գազ արտահանող հիմանական երկրներից մեկն է: Տեղեկություններ կան, որ գազի արդյունահանումն ու արտահանումը կտրուկ կրճատվել է: Եվրոպական մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնցում հերթական անգամ կոչ է արվում դիվերսիֆիկացնել Եվրամիություն գազի ներկրման աղբյուրները:
Այսօր հեղինակավոր Standard & Poor’s վարկանիշային կազմակերպությունը Լիբիայի վարկանիշը A- դրականից իջեցրել է մինչև ВВВ+ բացասականը: Շատերը կարծում են, որ հետագա ամիսներին այս վարկանիշն ընդհանրապես կընկնի: