WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Օլեգ Մասկաևը, ով բնակվում է Կալիֆորնիայում, փասթաթղթեր է ներկայացրել Վեսթ-Սակրամենտոյի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար:
Ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին Արևմտյան Սակրամենտոյում, որտեղ ներկայումս բնակվում է 50 հազար մարդ. նրանցից շատերը նախկին Խորհրդային միության տարբեր հանրապետություններից են:
Ծնունդով Ղազախստանից Մասկաևը երկքաղաքացիություն ունի: Նա Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի է, որտեղ ապրում է 1999 թվականից, սակայն քաղաքականությամբ զբաղվելու որոշում նոր է ընդունել:
Մասկաևը խնդրում է քաղաքի բնակիչներին աջակցել իրեն` «պատմական քայլ կատարելու գործում» և օգնել «հանրապետական կուսակցությունում դառնալ առաջին ռուսաստանցի – ամերիկացին»:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Մասկաևը, ընդհանուր առմամբ, 42 հանդիպում է անցկացրել, որոնցից 36-ն ավարտել է իր հաղթանակով, իսկ 6-ում պարտություն է կրել: