Փետրվարի 18-ին Ժնևում` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի ժողովի շրջանակներում, տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ այս հանդիպմանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, որը հանդիսանում է նաև Իրաքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղարը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձ ունեցան վերջերս Իրաքում քրիստոնյաների դեմ կիրառված հալածանքներին և ահաբեկչական գործողություններին:
Կենտրոնական կոմիտեի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նրանք ընդգծեցին Իրաքի բոլոր բնակիչների համար անվտանգության ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը:
Իրաքի կրոնական առաջնորդները շեշտեցին, որ եկեղեցին Իրաքում շարունակում է մնալ ճնշման տակ, և եթե այսպես շարունակվի՝ քրիստոնյաները կկանգնեն խիստ վտանգի առաջ: