Փետրվարի 21-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանին (Jean-Michel Oughourlian)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց իր նոր առաքելության մեջ: Նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ դեսպանի հայկական ծագումը ավելի կդյուրացնի նրա գործունեությունը Հայաստանում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ուղուրլյանն ասաց, որ կանի առավելագույնը՝ Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերի ընդլայնման համար:
Տեղեկանք. Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կազմավորվել է 1961թ. հունիսի 27-ին: Այն համարվում է Երուսաղեմում դեռևս 1080թ. հիմնադրված Բարեխնամ Ասպետական Ուխտի իրավահաջորդ կառույց, որն ի սկզբանե կոչված է եղել խնամել Սուրբ երկիր ուղևորված հիվանդ ու աղքատ ուխտագնացներին: Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում, 1099թ. Երուսաղեմի նվաճումից հետո, այն իր իսկ արտոնությամբ դարձել է ռազմական ուխտ: Այսօր Մալթայի Ինքնիշխան Ուխտն ունի 12.500 անդամ և 80.000 մշտական կամավոր, որոնք բարեգործական եւ բժշկական առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում: