Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Պահանջը խիստ է և հստակ. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել:
Այս խնդիրը առաջադրվել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում. «Անհրաժեշտ է գույքագրում կատարել հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները:
Այս կերպ հնարավոր կլինի արդյունավետ կառավարել այս դաշտը: Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ և հստակ: Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երևանի ու երևանցիների համար անհարմարություններ չստեղծեն»,- շեշտել է քաղաքապետը:
Շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցում պահանջը հստակ է նաև սպասարկման օբյեկտների և ստորգետնյա անցումներում առևտրային գործունեություն իրականացնողների համար: Տնտեսվարողները պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների հարակից հատվածները.
«Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում և ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մայրաքաղաքի սանմաքրման արդյունավետ կազմակերպման առումով հանձնարարվել է իրատեսական վերլուծություն ներկայացնել գանձվող վարձավճարների պատկերը հստակեցնելու համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հավաքագրման և գումարների ճիշտ տեղաբաշխման արդյունքում էականորեն կարելի է փոխել աղբահանության կազմակերպման վիճակը:
Քաղաքապետարանի ենթակայության ՓԲԸ-ներին և առևտրային կազմակերպություններին էլ հանձնարարվել է ներկայացնել ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրերը:
Երևանի քաղաքապետարան