Երեկ Դոհայում կայացան 3-րդ օրվա հանդիպումները : Առաջինը խաղակորտում հայտնվեցին ռուսաստանցի Ելենա Դեմենտեւան եւ ավստրալացի Սամանտ Ատոսերը: Այս երկու թենիսիստուհիները վերջին անգամ իրար հետ հանդիպել են Ամերիկայի բաց առաջնության ժամանակ: Այդ ժամանակ Սամանտային հաջողվեց փրկել խաղը եւ միայն որոշիչ սեթում հասնել վերջնական հաջողությանը: Դոհայում էլ հանդիպումն անցավ նույն սցենարով, բայց այս անգամ հաղթող ճանաչվեց Ելենա Դեմենտեւան:
Սակայն այս հաղթանակը ոչնչով չօգնեց. այս խմբից կիսաեզրափակիչում են հայտնվել Վազնակին եւ Ստոսերը: Հետո խաղակորտ դուրս եկան Ֆրանչեսկա Սկիավոնեն եւ Կարոլինա Վազնակին: Հաղթանակի դեպքում Վազնակին 2010-ը կավարտեր առաջին հորիզոնականում, եւ հասկանալով այս կարեւոր հանգամանքը` Կարոլինան կարծես թե խաղասկզբում իրեն «կորցրեց», որի արդյուքում զիջեց առաջին սեթը 6-3 հաշվով: Բայց 20-ամյա թենիսիստուհին հետագայում կարողացավ կենտրոնանալ եւ հաջորդ երկու սեթերում միասին նա ընդամենը 2 գեյմ տվեց` հաղթելով 6-1.6-1 հաշվով: Իսկ ահա հաջորդ հանդիպման ժամանակ բելգիացի Կիմ Կլայստերսը, հաղթելով Վիկտորյա Ազարենկային 6-4, 5-7, 6-1 հաշվով, ձեռք բերեց կիսաեզրափակչի ուղեգիր: Արդեն հայտնի են կիսաեզրափակիչների մասնակիցների անունները` Վազնակի, Ստոսեր , Զվոնարյովա եւ Կլայստերս: