«Հայաստանի բռնապետական իշխանության կողմից սկսվել է պատերազմ: Սա սրբազան պատերազմ է, և մենք գնալու ենք մինչև վերջ: Ես չեմ պատրաստվում նահանջել, որևէ կերպ ինձ կաշկանդել հնարավոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր եղբոր դեմ հարուցված քրեական գործին՝ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, թե չի բացառում, որ իր եղբոր դեմ իրականացվող քայլերն իրեն վախեցնելու և իր գործունեությունը կասեցնելու համար են արվում:
Փոստանջյանը չբացառեց նաև, որ դա պատվեր է և գլխավորվում է ամենավերին ատյաններից: Այս պատվերի դրդապատճառը, մի շարք այլ խնդիրներից բացի, Փոստանջյանը համարեց նաև Վանաձորում և Գյումրիում իր գործունեությունը:
Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ վրացական պետհամարանիշներով վարորդներին ոստիկանության աշխատակիցներն ասել են, թե իզուր եք պայքարում, ձեր պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր եղբորը չի կարող պաշտպանել, ուր մնաց, թե ձեզ պաշտպանի: