Հաջորդ ամիս Մոսկվայում կայանալու է հայ և թուրք դիվանագետների հանդիպում,- հաղորդում է aze.az լրատվականը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին: Նշվում է, որ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել վերջերս Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուի` ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը տեղեկացրել է, որ թուրքական կողմին Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար բավարար կլինի նույնիսկ «Ադրբեջանի գրավյալ որոշ տարածքների» ազատումը: Այս փաստի առնչությամբ, վերջերս ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այցելել է Երևան և բանակցություններ ունեցել հայկական կողմի հետ: Նույն նպատակով Հայաստան է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը:
Թուրքիան պաշտոնապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է հայտարարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: