Գերծանր քաշային բրիտանացի բռնցքամարտիկ Էնտոնի Ջոշուան, ով դարձել է Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր, 1 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել` թմրանյութերի վաճառքով զբաղվելու պատճառով: Այդ մասին է տեղեկացնում Independent-ը:
2011 թվականի մարտին Ջոշուան ձեռբակալվել է հաշիշի անօրինական պահպանման և վաճառքով զբաղվելու մեղադրանքով: Երիտասարդ մարզիկին երկարատև բանտարկում էր սպառնում, սակայն, ի վերջո, մարզիկի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել են 1 տարի պայմանական ազատազրկում և 100 ժամ հասարակական աշխատանքներ:
«Ես հարյուրավոր երիտասարդների նման էի, ում համար կարևոր էր լավ հագնվել, աղջիկների շրջապատում լինել, մասնակցել ծեծկռտուքների: Ես ճիշտ չէի դասավորում կյանքս: Սակայն ձեռբակալությունը շատ բան փոխեց իմ կյանքում: Այն ստիպեց ինձ հասունանալ և ավելի ուշադիր կատարել պարտականություններս»,- նշել է Ջոշուան:
Օլիմպիադայի վերջին օրը բռնցքամարտիկը ոսկե մեդալ է նվաճել 91 կգ քաշային կարգում` միավորների գումարի արդյունքում առավելության հասնելով հայտնի իտալացի Ռոբերտո Կամարելեի նկատմամբ: