Զանգվածային լրատվության մի շարք միջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրեին հերթական հայտարարությունն է տարածել իմ անձի վերաբերյալ, որում, ըստ մի շարք ԶԼՄ-ների, պնդել է, թե ես` Նիկոլ Փաշինյանս, իմ նամակները դիտավորությամբ չեմ հանձնում «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին. մեջբերում եմ ըստ «Հրապարակ» օրաթերթի` «որ պատրանք ստեղծվի, թե իբր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում»,- մեջբերման ավարտը:
Սա ընդամենը հերթական անբարո սուտն է իմ անձի վերաբերյալ, որ տարածում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը, այս ընթացքում դառնալով ավելի ու ավելի սանձարձակ:
Սույն հայտարարությանբ ես հրապարակավ դիմում եմ իմ փաստաբաններին` Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի վերը նշված հայտարարությունը իրավական վերլուծության ենթարկելու և նրա հեղինակի կամ հեղինակների դեմ դատական հայց հարուցելու խնդրանքով:
Ակնկալվող դատավարությունը հնարավորություն կտա ամբողջապես բացահայտել Քրեակատարողական վերնախավի խղճուկ ու ապօրինի էությունը, ինչպես նաև կվերահաստատի ապօրինությունների դեմ մինչև վերջ պայքարելու մեր հաստատակամությունը:
Եվ ուրեմն`
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստըանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: