«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացված մոմավառության մասնակիցները երթով շարժվում են Ավանի Բաբաջանյան փողոցով դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն:
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և մի քանի բարձրաստիճան ոստիկաններ բանակցեցին «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուքասզյանի և Հրանուշ Խառատյանի հետ:
Երևանի փոխոստիկանապետը նրանց հիշեցրեց հավաքների մասին օրենքը` նաև ասելով,որ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ ակցիա անցկացնելու համար պետք էր նախապես տեղեկացնել ոստիկանությանը, պատկան մարմիններին` թույլտվություն ստանալու համար:
Ըստ ոստիկանապետի` սա օրենքի խախտում է. «Հորդորում ենք, պահանջում ենք առանձնատան մոտ չկանգնել»,- հստակեցրեց Ռոբերտ Մելքոնյանը:
Ի պատասխան նրա պահանջներին Հրանուշ Խառատյանն ասաց, որ երթով կշարժվեն և կլինի 5 րոպեանոց ելույթ և ոչ ավելին: Նա ընդգծեց, որ առանձնատան մոտ երկար չեն կանգնի:
Այս պահին մի քանի տասնյակ ակտիվիստներ «Նեմեց մարդասպան», «Չես մարսելու» պաստառներով երթ են անցկացնում Բաբաջանյան փողոցով: