Երեք մարդ է զոհվել հինգշաբթի օրը` փետրվարի 17-ին, Եմենի Ադեն քաղաքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով տեղի բժիշկների տվյալներին:
Վիրավորվել է 19 մարդ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Այսպիսով, Ադենում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որ սկսել են չորեքշաբթի օրը` փետրվարի 16-ին, զոհվածների թիվը հասել է 5-ի:
Հինգշաբթի օրը Ադենում ոստիկանությունը կրակ է բացել հազարավոր ցուցարարների ուղղությամբ, որոնք պահանջում են Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականը: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, թալանել խանութները, անվադողեր այրել, նաև փորձել են կանգնեցնել ճանապարհային երթևեկությունը:
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Սանայում: Հինգշաբթի օրը ցուցարարների վրա կրակ են բացել նախագահի կողմնակիցները: Հինգշաբթի օրը` փետրվարի 18-ին, մայրաքաղաքում սպասվում են բողոքի նոր ակցիաներ:
Միջազգային հանրության մտահոգությունը Եմենի դեպքերի առնչությամբ պայմանավորված է նրանով, որ այս երկրում, ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի, մեծ ազդեցություն ունի «Ալ-Ղաիդան», որը կարող է ամրապնդվել կենտրոնական իշխանության թուլացման հետ մեկտեղ: