Այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 10 մլրդ 98 մլն դրամ, բավարարվել և վճարվել է 4 մլրդ 290 մլն դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 161 մլն դրամ: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական հաշվետվության համաձայն՝ պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 211.8 մլն դրամ: Այսինքն, եթե հավաքագրված վճարներից հանենք փոխհատուցումները, ապա ապահովագրող ընկերություններին մնացող գումարը (վնասաբերությունը) գերազանցում է 5 մլրդ դրամը: Ըստ բյուրոյի՝ հունիսի դրությամբ վնասաբերության ցուցանիշը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի (հունվարի 1-ից մինչև մայիսի 31) համեմատ գրեթե անփոփոխ է՝ 69%:
Թեև վնասաբերության ընդհանուր մակարդակը չի փոփոխվել, բավարարված հատուցման դիմումների վերլուծությունը ցույց է տալիս հայցերի «խոշորացման» միտում. աճել են առանձին պատահարների գծով վնասների չափերը և վճարվող հատուցումների գումարները: Այսպես, եթե 2012թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում բավարարված հատուցման դիմումների գծով վճարված (վճարվելիք) միջին հատուցման գումարը կազմում էր 203,685 դրամ, ապա հունիս ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) միջին հատուցուման գումարը կազմում է 214,335 դրամ:
2012 թ. հունիսի արդյունքներով, ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 346,097 տրանսպորտային միջոցի հանդեպ, հատուցում ստանալու համար ներկայացվել է 20,771 դիմում, որից մերժվել է 273-ը, ընդ որում 213 քաղաքացիներ ներկայացրել են հատուցումից հրաժարվելու մասին դիմումներ:
Ոլորտում գերիշխող ապահովագրողը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ 110,544 պայմանագիր, նրան հետևում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 74,937 պայմանագիր, և «ՌԵՍՈ»-ն՝ 52,839 պայմանագիր:











































