Կամավոր կուտակային կենսաթոշակային միջոցները պետության կողմից ավելի թույլ երաշխավորման դաշտում են` ի տարբերություն պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը, Նասդաքի փորձագետ Հայկ Ոսկանյանը և կենսաթոշակային հարցերի փորձագետ Աստղիկ Միրզախանյանը` խոսելով կենսաթոշակային կուտակային համակարգի մասին, որի պարտադիր բաղադրիչը ՀՀ-ում ներդրվելու է 2014թ. իսկ կամավորը գործում է այս տարվանից:
Կամավոր կուտակված կենսաթոշակային միջոցները ավելի թույլ են երաշխավորված, քան ավանդները, քանի որ ավանդների պարագայում գոյություն ունի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ: Իսկ պարտադիր կուտակային միջոցների պարագայում պետությունը տալիս է ուղղակի ֆիսկալ երաշխիքներ:
«Պետությունը երաշխավորում է ֆիզիկական անձի, քաղաքացու պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում վճարած միջոցների վերադարձը` ճշտված գնաճով: Այդ գումարների վերադարձելիությունն ապահովելու համար ստեղծվում է հատուկ երաշխիքային ֆունդ և փոխհատուցման ենթակա գումարների 20%-ը փոխհատուցվում է այդ երաշխիքային ֆոնդի կողմից, իսկ մնացած 80%-ը` պետական բյուջեի միջոցներից»,- ասաց Ս. Սաիյանը: