Ֆրանսիայի երկու գլխավոր քաղաքական կուսակցությունները փոփոխությունների են պատրաստվում: Կուսակցական աշնանային համագումարներին կվերընտրվեն Ազգային շարժման խորհրդի (UMP) և Սոցիալիստական կուսակցության (PS) ղեկավարությունները: Գլխավոր թեկնածուների միջև պայքարը արդեն սկսել է, գրում է «Կոմերսանտ.ռու»-ն:
Նախագահությունը Նիկոլա Սարկոզիի հետ պարտություն կրած և խորհրդարանական ընտրություններին հետընթաց ապրած UMP-ը խնդիր ունի մտածելու ոչ թե ռեվանշի, այլ գոյատևման մասին: Նրա համար մյուս փորձությունը կդառնան 2014 թվականի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Այս ամենի ֆոնին աջերին համախոհներ են պետք: Տրամաբանական է նրանց փնտրել Ազգային ճակատի աջակիցների մեջ, ովքեր 2007 թվականի նախագահական ընտրություններին սատարել էին Նիկոլա Սարկոզիին: Ազգայնականների հետ միությունը կուսակցության ղեկավարության համար ցավոտ թեմա է:
Կուսակցությանը նաև շարքերի մաքրում է սպասվում: Այս հարցով որոշել է զբաղվել Ֆրանսուա Ֆիոնը՝ Սարկոզիի կառավարության նախկին ղեկավարը: Վերջին հարցումները ցույց են տվել, որ ֆրանսիացիները նրան ամենահայտնի քաղաքական գործիչն են համարում:
Խնդիրներ ունի նաև հաղթանակ տարած Սոցիալիստական կուսակցությունը: Նրա առաջին քարտուղար Մարտին Օբրին արդեն իսկ հայտարարել է հեռանալու մասին: Նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նրանց միջև հակասություններն ակնհայտ էին դարձել այն ժամանակ, երբ Օբրին չէր ստացել վարչապետի պաշտոնը:











































