ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ձերբակալված չեչենները Իսպանիա էին եկել մի քանի ամիս առաջ տարբեր ճանապարհներով Ռուսաստանից, այն բանից հետո երբ տեղեկացրել են, որ կարող են Իսպանիայում քաղաքական ապաստան ստանալ: Կիրակի օրը որոշում էր կայացվել նրանց թողնել կալանքի տակ` մեղադրելով ահաբեկչական խմբավորումներում ներգարվված լինելու և պայթուցիկ նյութեր պահելու համար:
Երկու չեչենն ու մեկ թուրքը ձերբակալվել էին օգոստոսի 2-ին Իսպանիայի հարավում: Ձերբակալվածներից մեկը ծառայել էր ռուսական հատուկ նշանակության ջոկատում` որպես պայթուցիկ և թունավոր նյութերի մասնագետ: Նրան մեծ դժվարությամբ կարողացել են բռնել Իսպանիայի հատուկ ծառայության աշխատակիցները: Չեչենները, սակայն, չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքը:
«Հստակ ապացույցներ կան, որ նրանք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իսպանիայում և եվրոպական մյուս երկրներում»,- մամլո ասուլիսի ժամանակ նշել է Իսպանիայի ՆԳ նածարար Խորխե Ֆերնանդես Դիասը: Գաղտնի պահելով աղբյուրը` նշվում է, որ ահաբեկիչները ձերբակալվել են Ֆրանսիա ուղևորվող ավտոբուսում և իրենց մոտ ունեցել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ: Նախարարը նշում է, որ պայթուցիկի այդ քանակությունը բավարար կլիներ ամբողջ ավտոբուսն օդ բարձրացնելու համար:









































