Փետրվարի 11-ից 13-ը Թբիլիսիում հանդիպումներ են կայացել հայկական մի քանի բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների, Վրաստանի և Ադրբեջանի կանաչների կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Այս մասին տեղեկացնում է APA-ն` հղում անելով Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիևին:
Նա տեղեկացրել է, որ հանդիպումների արդյունքում կողմերը փաստաթուղթ են ստորագրել, որտեղ ընդունել են, որ առկա հիմնախնդիրները` էներգետիկ անվտանգությունը, բնապահպանական ու պարենային խնդիրները լուրջ մարտահրավերներ են երեք երկրների համար: Դրանց հաղթահարման համար կողմերը համաձայնության են գալիս` միավորել իրենց ջանքերը:
Բացի այդ, փաստաթղթում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ երեք երկրների քաղաքական կուսակցություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները ջանքեր են գործադրում տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար:
Մինչ այս տարվա ապրիլ ամիսը` փաստաթուղթը ստորագրած կազմակերպություններն ու կուսակցությունները պետք է առաջիկա 5 տարվա ռազմավարական գործողությունների պլան մշակեն:
Նշենք նաև, որ գործողությունների իրականացման կոորդինացման համար ստեղծվել է համակարգող կենտրոն: