Թուրքիայի բնապահպանության նախարար Վեյսել Էրողլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Կիպրոսին ջուր մատակարարել` ծովի հատակով ջրամուղ անցկացնելով Թուրքիայից մինչեւ Միջերկրական ծովի հյուսիս-արեւելքում գտնվող այդ կղզին: Նա ասել է, որ ծրագիրը շատ դժվարիրականանալի է, եւ որ այն միակը կլինի ամբողջ աշխարհում: Սրանով, ըստ նախարարի, Թուրքիան կկապվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ:
Ծրագրի տենդերն արդեն հայտարարված է: Նոյեմբերի երեքին սկիզբ կդրվի ծրագրի իրագործման առաջին փուլին, երբ վարչապետ Էրդողանի մասնակցությամբ կնշվի Ալաքյորփու ջրամբարտակի կառուցման առաջին օրը: Գեչիտկոյ ջրամբարտակի կառուցումն էլ կսկսվի շուտով: Երկու այդ կառույցներում հավաքված ջրային պաշարները հնարավոր կլինի ջրամուղերով մատակարարել Հյուսիսային Կիպրոսին: