37-ամյա բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը, որ արդեն հանդիսանում է «Անժի»-ի ֆուտբոլիստ, ասել է, որ Մախաչկալայում պատրաստվում է սովորել ռուսերեն և իրեն չի վախեցնում Ռուսաստանի կլիման:
« Չորս լեզվով խոսում եմ` պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն և իտալերեն, բայց, ավաղ, ռուսերեն ոչ մի բառ չգիտեմ: Պլանավորում եմ Մախաչկալայում սովորել ռուսերեն: Գիտեմ, որ շատ բարդ է, տառերը նման են փազլի մասնիկների:
Երբ երկու տարի առաջ եկա Մոսկվա, այնքան էլ տաք չէր, բայց Թուրքիայում, որտեղ երկու մրցաշրջան հանդես եմ եկել, նույնպես երբեմն սառնամանիք էր լինում: Ինչևէ, եղանակից բողոքել չեմ սիրում:
Շուտով կդառնամ 38 տարեկան, բայց դեռ նոր բարձունքների հասնելու ցանկություն ունեմ: Ես ուզում եմ խաղալ: Կարիերաս ավարտելուց հետո կզբաղվեմ մարզչական կամ ադմինիստրատիվ աշխատանքով, հնարավոր է հենց Ռուսաստանում»: