Վաղը քո ծննդյան 33-րդ տարեդարձի օրն է: Սակայն դու ներկա չես լինի քո տարեդարձի արարողությանը, քանի որ 33 օր առաջ դու մահացար` զոհ գնալով ազգի ու Հայրենիքի ապագայի հաշվին պարազիտացող համակարգին: Քեզ հոշոտեց մարդկային կերպ ու հանգից զուրկ հրեշ-օլիգարխի գլխավորած բորենիների ոհմակը: Իրենց բնույթի հանգույն` նրանք ըմբոշխնել են քեզ հոշոտելու սպասումը, իսկ քո արյան հոտն առնելով` հերթական խրախճանքն են արել:
Սակայն աշխարհը նրանց բնազդների նման պարզունակ ու միօրինակ չէ և ամեն ինչ, որ ունի սկիզբ, նաև վերջ ունի: Արժեք ու սրբություն չճանաչող համակարգը, նրա հարազատ օլիգարխն ու բորենիները դեռևս լիարժեք կերպով չեն պատկերացնում, որ դու իրենց հերթական մատաղը չես: Ու թեև նրանք, այնուամենայնիվ, ինչ որ բան զգում են (և ակնհայտորեն սարսափում են իրենց զգացածից), սակայն ի վիճակի չեն ըմբռնելու, որ քո մահը ժողովրդի համբերության բաժակը լցրած ու այն շուռ տված վերջին կաթիլն էր:
Ի վիճակի չեն, քանզի գերհագեցումից, անպատժելիության ու անպարտելիության թվացյալ զգացումից նրանց գիշատչական վայրենի բնազդը բթացել է այլևս:
Իսկ քո մահը վերջին կաթիլը դարձավ, որովհետև դու բարի ու արդար էիր, Հայրենիքի զինվոր էիր, ցավ ամոքող ու կարեկից էիր, լուսե հանգ ու կերպ ունեիր և քո ժպիտն այդ լույսի դրոշմն էր: Որովհետև դու շատ էիր տարբեր իրենցից` տրամագծորեն տարբեր: Ուստի քեզ սպանելով, նրանք մեր մեջ սպանեցին Աստծո ու Հայրենիքի, բարության ու արդարության, լույսի ու ճշմարտության` քո էությամբ ապրող մասերը: Ասել է թե` բոլորի՛ս սպանելու փորձ արեցին:
Հիմա քո լուսե ժպիտը մեր վերածննդի եռաընձյուղ խորհրդանիշ-շիվն է դարձել:
Ընձյուղ առաջին` համաժողովրդական ցասում
Երբ գիտակցում ենք, որ քո ժպիտն այլևս միայն լուսանկարներում և տեսանյութերում է լինելու, քո կրած ցավն ու վիրավորանքը մեր ծխացող սրտերում վրեժի և ցասման հրդեհի կայծ են դառնում: Եվ այդ հրդեհը շուտով կրակե լեզուներով մաքրելու ու սրբագործելու է մեր Հայրենիքը:
Ընձյուղ երկրորդ` արդար հատուցում
Երբ գիտակցում ենք, որ քո ժպիտը բորենիները որպես մարտահրավեր ընդունեցին և իրենց պիղծ ոտքերով հող ու արյան մեջ տրորեցին, քո ծնողների մարմրող աչքերը մեր տոչորված հոգիների ծարավն արդար հատուցմամբ հագեցնելու անդիմադրելի պահանջ են ծնում: Եվ արդարության ծարավ մեր հոգիները շուտով հագենալու են:
Ընձյուղ երրորդ` Հայոց Տան նորոգում
Երբ գիտակցում ենք, որ քո լուսե ժպիտն, այնուամենայնիվ, երբևէ չի մարելու, այլ հարատև կենաց աղբյուր ու պայքարի կոչող զանգակատուն է լինելու, քո զավակների հայրակարոտ հայացքները մեզ արարումի և շենացման, բարու վերահաստատման անկոտրում կամք են ներարկում: Եվ մեր Տունը շուտով նորոգվելու է:
Ծնունդդ շնորհավոր, լուսաժպիտ եղբայր:
Թող քո ժպիտի լույսով արթնացած մեր վերածննդի շիվը հզոր արմատներ ձգի ու փարթամ, պտղաբեր սաղարթ տա: Բարի երթ բոլորիս:
Վարուժան Ավետիսյան ՀՀ Զինված ուժերի սպա, փոխգնդապետ
Lragir.am









































