Լեհաստանի Ադամ Միցկևիչի ինստիտուտը նոր մշակութային նախագիծ է ցանկանում իրականացնել` ստեղծել նվագախումբ` բաղկացած «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների երիտասարդ երաժիշտներից, տեղեկացնում է aze.az կայքը:
Արդեն հայտարարվել է, որ նվագախմբում տեղ ունենալու համար մրցույթ անցկացվելու որի նախընտրական փուլերը տեղի են ունենալու երկրների մայրաքաղաքներում, այդ թվում` Երևանում:
Այս նախաձեռնությամբ Լեհաստանը ցանկանում է ընդգծել արևելյան և արևմտյան մշակույթների նշանակությունը Եվրոպայի մշակույթի վրա, ինչպես նաև եվրոպական հանդիսատեսին ներկայացնել Եվրամիության սահմաններից դեպի արևելք գտնվող երկրների դարավոր մշակույթը:
Աշնանը` ԵՄ-ում Լեհաստանի նախագահության ժամանակահատվածում, արդեն ձևավորված երաժշտական կոլեկտիվը ելույթներով հանդես է գալու այնպիսի հայտնի համերգային դահլիճներում, ինչպիսիք են Բեռլինի ֆիլարմոնիան և Մադրիդի Teatro Real-ը:










































