Ինչպես հաղորդվում է Իսպանիայի Ազգային վիճակագրական ծառայության մամլո հաղորդագրության մեջ, երկրի տնտեսությունը 2012թ. երկրորդ եռամսյակում 0.4 տոկոսով կրճատվել է:
Նախորդ եռամսյակը նույնպես բացասական էր իսպանական ՀՆԱ-ի համար. այն ժամանակ անկումը կազմել էր 0.3 տոկոս:
Ի սկզբանե, կառավարությունը ենթադրում էր, որ ապրիլ-հունիսին երկրի տնտեսությունը կաճի, սակայն կանխատեսումը չիրականացավ:
Վիճակագիրները որպես անկման արագացման գլխավոր պատճառ նշում են ներքին պահանջարկի կրճատումը 3.2 տոկոսով:
Այդ վիճակի պատճառը հիմնականում երկրում ֆինանսական ճգնաժամն է: Ներկայում իսպանական բանկային ոլորտը չափազանց ծանր վիճակում է, ու փրկվելու համար անհրաժեշտ է ԵՄ-ի 100 մլրդ եվրոյի օգնություն:
Բացառված չէ, որ անհրաժեշտ լինի օգնություն ցուցաբերել նաև պետական բյուջեին, ընդ որում` նախապես հաղորդվում է 366 մլրդ եվրոյի մասին:
Խնայողության ծրագիրը, որը ենթադրում է պետական ծախսերի կտրուկ կրճատում և հարկերի բարձրացում, չի նպաստում երկրում տնտեսության աճին: