Այս տարի Կառավարման ակադեմիայում դիմորդների հոսք է նկատվել հանրային կառավարում և քաղաքագիտություն ֆակուլտետներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը՝ խոսելով քաղծառայության և պետական կառավարման համակարգի խնդիրների, կրթական ոլորտի բարեփոխումների և կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերի շուրջ:
Բանախոսը տեղեկացրեց, որ մագիստրոսական ծրագրերով ընդունելության քննաշրջանն ավարտվեց օրեր առաջ: Ա. Լոքյանի խոսքով՝ այս տարին առանձնահատուկ էր մի քանի առումով:
«Նկատվեց դիմորդների հոսք հատկապես հանրային կառավարում, քաղաքագիտություն մասնագիտությունների գծով: Իրավագիտություն մասնագիտությամբ նկատվեց դիմորդների թվաքանակի նվազում:
Առաջին անգամ կիրառվեց հոգեբանական թեստավորման մեթոդիկա, որով ուսումնասիրում էինք ապագա կառավարիչների հոգեբանական առանձնահատկությունները` որպես ապագա կառավարիչներ: Ի տարբերություն նախորդ տարվա՝ ունեցանք գիտելիքներով հարուստ երիտասարդներ»,- նկատեց բանախոսը:
Նա նաև ասաց, որ ընդունելությունը կազմակերպվել էր հինգ մասնագիտությունների գծով՝ կառավարման հոգեբանություն, քաղաքագիտություն, հանրային կառավարում, հանրային ֆինանսների կառավարում և իրավագիտություն:
«Մեր շրջանավարտներից մեծ թվով անձինք աշխատում են կառավարման տարբեր համակարգերում. ունենք նախարար շրջանավարտներ, մարզպետեր, վարչության պետեր, պատգամավորներ, և գնալով այդ տենդենցը մեծանում է: Միակ բուհը այս ակադեմիան է, որը նման մասնագետներ է պատրաստում: Հանրային կառավարման ֆակուլտետն ավարտող մասնագետները կարող են աշխատել և՛ քաղծառայության, և՛ համայնքային ծառայության ոլորտներում: Այս ունիվերսալությունը դրդում է դիմորդների մեծ հոսքի»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ վարձավճարների մեծ փոփոխություն այս տարի չի եղել, դրանք ադեկտվատ են, դիմորդները կանխավ ծանոթացել են վարձավճարներին:
Արսեն Լոքյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթը մեծ է եղել անվճար տեղերի համար, որի արդյունքում անվճար ընդունվել է 32 ուսանող: Նա նաև նշեց, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու ռոտացիոն համակարգից, ինչը լավ սովորելու խթան է: Ըստ նրա՝ ուսանողների բարձր առաջադիմության համար խթան է նաև արտերկրում պրակտիկա անցնելու հեռանկարը:









































