ՌԴ-ն 1994թ. ցանկացել է իր խաղաղապահներին տեղակայել ԼՂ հակամարտության գոտում

12:03 | 2011-08-02 | Տարածաշրջան | Փորձագետի կարծիք |
Լրահոս
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ես վստահ եմ, որ հակամարտող կողմերն ակտիվորեն պատրաստվում են պատերազմի։ Ընդ որում, դրան պատրաստվում է թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը։ Չի կարելի կարծել, թե կողմերից մեկը ոչինչ չի անելու և հանգիստ սպասելու է՝ տեսնելով, որ հակառակորդն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի։

Ներկայիս դրությամբ դրականն այն է, որ այս կամ այն չափով բանակցային գործընթացում ներգրավված բոլոր հիմնական խաղացողները դա քաջ գիտակցում են և փորձում են զսպել կողմերին՝ փորձելով նվազեցնել լարվածությունը։ Թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է բացառվի ռազմական գործողությունների վերսկսումը։ Եթե Ռուսաստանը հակամարտության գոտում տեղակայի իր խաղաղապահներին, ապա դա, բնականաբար, նրա համար լավ կլինի։ Ռուսաստանը դա միշտ էլ ցանկացել է՝ սկսած 1994 թվականից։

Ռուսաստանը տվյալ տարածաշրջանը համարում է իր պատմական ազդեցության գոտին և, բնականաբար, ամեն ինչ ձեռնարկում է իր դիրքերն ու ազդեցությունն այնտեղ ամրագրելու համար։ Սակայն Մոսկվան չի կարող ընտրություն կատարել հակամարտող կողմերի միջև։ Թուրքիային սահմանակից Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, սակայն Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ցամաքային սահման։

Այսօր անհնար է խոսել որևէ խաղաղության պայմանագրի կնքման մասին։ Այսօր կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ լուրջ և սկզբունքային զիջումների գնալ։ Իսկ դա նշանակում է, որ այսօր միջնորդների դերը հակամարտող կողմերին զսպելն է։ Ղարաբաղում նոր պատերազմը կարող է հանգիստ վերածվել խոշորամասշտաբ տարածաշրջանային պատերազմի։ Դրա համար անթույլատրելի է ռազմական գործողությունների վերսկսումը»։
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը: Մաղթում ենք հաճելի քննարկում:
Ամենաընթերցվածները