Վերջին լուրեր

Հայաստան | Հասարակություն

Սփյուռքահայ մտավորականները պատրաստ են ստորագրել Ազնավուրի խոսքերի տակ Սփյուռքահայ մտավորականները պատրաստ են ստորագրել Ազնավուրի խոսքերի տակ

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի` վերջին երկու հարցազրույցներն իսկական իրարանցում առաջացրին: Հատկապես իշխանական ճամբարի ներկայացուցիչները որևէ կերպ չեն ուզում հավատալ, որ Շառլ Ազնավուրը կարող էր այդքան անողոք արտահայտվել Հայաստանի ներկայիս իշխանությունների հասցեին, և խոսակցությունների շրջանակը ծավալվում է` ինչո՞ւ է դա ասել, սա իրակա՞ն գնահատական է, թե՞ ոչ, ասե՞լ է, ի վերջո, Շառլը նման բաներ, թե չի ասել:

Հիշեցնենք, որ Life Showbiz-ի հետ զրույցում Ազնավուրն ասել էր, որ հիմա իր երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում, ինչն իր համար քաղաքականապես անընդունելի է: «Հնարավորություն չտալով երկրին շնչել` Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից, նրանք լքում են երկիրը. այդ իմաստով խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ: Այն պետք է անհապաղ լուծել»: Սա, ըստ էության, նախորդ հարցազրույցի ավելի հստակ ձևակերպումն էր: Առաջին` Nouvelles d'Armenie Magazine ամսագրին տված հարցազրույցում էլ Շառլ Ազնավուրը նշել էր. «Այս ո՞ւր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի... Ո՞ւ մ է դա ձեռնտու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ... Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է»:

Փորձեցինք պարզել, թե ինչպես է գնահատում սփյուռքը Շառլ Ազնավուրի բնորոշումները: Սփյուռքում տպագրվող թերթերի խմբագիրներն ինչ-որ առումով պատրաստ են ստորագրել նրա արտահայտած մտքերի տակ: Nouvelles d'Armenie Magazine-ի խմբագիր Արա Թորանյանը համամիտ է Շառլ Ազնավուրին: Նա նշեց, որ առաջին հերթին Ազնավուրը ցույց տվեց, որ ինքը քաջ է: Միաժամանակ, Արա Թորանյանը համաձայն չէ Շառլ Ազնավուրի` «ցեղասպանություն» բառի վրա կենտրոնանալու առիթով հռետորական հարցադրմանը. Հայաստանը և Թուրքիան, նրա խոսքերով, պետք է կարողանան բանակցել: Սակայն Արա Թորանյանը համաձայն է «սպիտակ ցեղասպանություն» բնորոշման հետ: Նրա խոսքերով, Շառլն ասել է այն, ինչ շատերն են սփյուռքում մտածում, երբ նայում և տեսնում են` ինչ է այսօր Հայաստանում կատարվում:

«Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը (Նիկոսիա-Կիպրոս) մեզ հետ զրույցում նշեց, որ հավաստի տվյալներով, հայ երիտասարդը ցանկանում է արտագաղթել հայրենիքից և իր ապագան կերտել օտար երկինքների տակ: Եվ եթե այս երևույթը լայնորեն տարածվի, այն կդառնա իսկապես սպիտակ եղեռն կամ անարյուն ցեղասպանություն: «Հիմա ո՞վ է պատասխանատուն նման տխուր երևույթի համար: Կարծում եմ` սխալ է սրա ամբողջ պատասխանատվությունը միանշանակ կերպով բարդել ՀՀ իշխանությունների ուսերին: Այս երևույթի տակ, ըստ իս, թաքնված է առաջին հերթին մեր մեջ նստած օտարամոլությունը, որ ավեր է գործում գրեթե ամեն տեղ»,- ասաց Երան Գույումճյանը: Սակայն ավելացրեց, որ ի դիմադրություն այս օտարամոլության, ՀՀ պետական այրերը պետք է ամեն ինչ անեն խրախուսելու հայոց լեզվի, հայ մշակույթի, հայկական արժեքների տարածումը, այդ ամենը դարձնեն պետական լուրջ հոգածության առարկա: «Սա ծանրակշիռ բացթողում է, որի հետևանքը կըլլա՝ ազգային ոգիի և ազգային ինքնագիտակցության խամրումը մանավանդ մեր նոր սերունդին մոտ...

Նմանապես, հայրենիքը մեր երիտասարդներին համար պետք է իսկապես Տուն Հայրենի, ուր անոնք զգան իրենց նկատմամբ սերն ու գուրգուրանքը, սրտացավ, արդար ու անխտրական վերաբերմունքը պետական այրերուն ու պատասխանատուներուն՝ բոլոր մակարդակների վրա: Սա ևս շատ կարևոր խնդիր է, որովհետև այդ պարագային է, որ հայ երիտասարդները պիտի զգան, որ իրենք Տերն են երկրին և անոր ապագային»: Ներկայիս այս անարյուն ցեղասպանության առաջը առնելու համար, Երան Գույումճյանի խոսքերով, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ պետական, կառավարական պատասխանատուները և խորքային լուծումներ որոնեն բոլոր մակարդակների վրա: «Կարծում եմ` համակարգային լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ, ի մասնավորի` քաղաքացիներին վերադարձնելու հայեցի այն ոգին ու գիտակցությունը, առանց որոնց հայ մարդը կօտարանա իր հայրենիքից, եթե նույնիսկ մնա ու ապրի այնտեղ»,- եզրափակեց Երան Գույումճյանը:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը նկատեց, որ վերջին շրջանում բավական աղմկահարույց ձևով արծարծվեցին Շառլ Ազնավուրի հայտարարությունները թե՛ ֆրանսիական և թե՛ ռուսական մամուլի մեջ: Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է և դիվանագիտական կարգով իր աշխատանքի ոլորտը ուղղակի առնչվում է արտգործնախարարությանը … Ըստ Շ. Գանդահարյանի` սա նշանակում է, որ ինքը իրականացնում է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության ճշտորոշած ուղենիշերը… Կոնկրետ «ցեղասպանություն» բառեզրի հարցով, նրա խոսքերով, դիվանագիտական ասպարեզի ուղու վրա լուրջ խախտում է արձանագրված, երբ Շառլ Ազնավուրն ասում է, թե համաձայն է բառեզրի օգտագործումը փոխարինել Երևան-Անկարա հարաբերությունները բարելավելու մղումով… Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային կետ է, և որևէ դեսպան սկզբունքորեն չի կարող նման շեղում կատարել… Նրա խոսքերով, հիմա արտաքին ճակատի վրա այդ բառի օգտագործումից հրաժարվելու տեսակետ հայտնողը նույն բառեզրն է օգտագործում այս անգամ ներքին քաղաքականությունը բնորոշելու համար…

«Ցեղասպանությունը հայկական կողմի համար հստակ պատասխանատություն ունի, հստակ ժամանակահատվածի կվերաբերի և հստակ իրավական պահանջների խնդիր է… Դրանից դուրս հայկական իրականության մեջ որևէ կացություն բնորոշելու համար ճիշտ չեմ գտնում բառեզրի օգտագործումը»,-ասաց Շահան Գանդահարյանը` իհարկե չժխտելով, որ Հայաստանում կա ստվերային երևույթ, արտագաղթ, կոռուպցիա. միաժամանակ ճիշտ չի համարում հայտարարությունների այն ոճը, որի ականատես ենք՝ հաստատում-հերքում, հավելյալ պարզաբանում, պաշտոնական անձի` այս պարագային արտաքին քաղաքականությունից շեղում և ներքին իրավիճակ բնորոշելու համար սխալ բառեզրի օգտագործում… «Մեկ կետ ևս կուզեմ մատնանշել. դիվանագիտությունը մասնագիտություն է, որը ենթադրում է պատրաստվածություն… Հայաստանի արտգործնախարարությունը իր դեսպանների նշանակման ընթացքում պարտավոր է նկատի ունենալ այս չափորոշիչները… Մեծ մարդասերը, մեծ հայասերը և աշխարհահռչակ երգիչն անպայման արդյունավետ գործող դեսպան չէ»…

«Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերովբյանը ոչ թե շետադրում է անում` ինչ է ասել Շառլ Ազանվուրը, լավ է արել, թե վատ, դա իր գործն է, այլ մաղթում, որ 2012-ն ավելի արդյունավետ լինի Հայաստանի համար: Նրա կարծիքով, կարևորը ոչ թե հենց արտագաղթն է, այլ արտագաղթի պատճառները, կարևոր է բնակչության կենսամակարդակի բարձրանալը, որը պետք է այսօրվա Հայաստանի իշխանությունն իրագործի, և դա սփյուռքահայերը չէ, որ պետք է որոշեն. «Ես անցյալի կարոտը զգալ չեմ ուզում, բայց Սովետական Միության շրջանում թեև շատ նեղություններ կային, բայց ժողովուրդը այսքան անգործ և աղքատ չէր, այսքան մուրացիկություն չկար երկրի մեջ: Այսօր Հայաստանը (ոչ բոլորը) աղքատ վիճակի մեջ են, Հայաստանի հարուստ խանութները չեն իսկական Հայաստանը ներկայացնում: Հայաստանի բուն պատկերը ժողովրդի աղքատությունն է, նեղությունները, որ պատճառ կլինեն արտագաղթի, և արտագաղթը մեր ամենամեծ ցավն է»,- շեշտեց Սարգիս Սերովբյանը: Նա ընդգծեց, որ այսօր արտագաղթողները դասալիքներ չեն, բոլորը ազգասեր են, և հարց է առաջանում` ինչու են այդ դեպքում լքում երկիրը, և սա այսօրվա կառավարության դժվար հարցն է, բայց պետք է լուծեն: «Սա ինձ համար ավելի մեծ ցավ է, քան 1915-ի հարյուրամյակի վերհիշումը, մենք Հայաստանը նախ բարգավաճ վիճակի պետք է բերենք, մենք պետություն լինելով` տկար ենք»,-ավելացրեց Սարգիս Սերովբյանը:

15:01 Հասարակություն | Երեքշաբթի 20.12.2011 | Սիրանույշ Պապյան

  •  Տեքստ 
  • Դիտումը 5600
  • 0

1 / 901

 

 

ՀՀ պետական մարմիններ

Ինտերնետ մատակարարներ

Լրատվական կայքեր

Գերատեսչություններ

Օգտակար ռեսուրսներ