Ռաուլ դե Լյուցենբերգեր. «Ես չեմ ժողովրդավարացնում Հայաստանը, հայերն են ժողովրդավարացնում Հայաստանը»
16:50 | 2011-10-06 | Հայաստան | Հասարակություն |

Այսօր Երևանում ընթացող` «Ինչպիսի՞ն է Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» եռօրյա խորագրով համաժողովի մասնակիցները անդրադարձան «Եվրոպական ինտեգրացիա և ժողովրդավարացում. բնույթը և մարտահրավերները» թեմային:
ԲՀՀ-ի հանրային քաղաքականության ավագ վերլուծաբան Ժաքլին Հեյլը եվրոպական Հարևանության քաղաքականության ուղղությամբ քննադատությամբ հանդես եկավ։ «Չկա ընդհանուր շահ, և սա միայն Հարևանության ծրագրին չի վերաբերում, այլև եվրոպական մյուս ծրագրերին: Եթե մենք չգիտենք, թե Հայաստանի, Վրաստանի համար այս պահին ինչն է կարևոր, ինչպե՞ս ենք որոշում մեր շահը: Հաջորդ խնդիրը` ԵՄ-ի նկատամամբ վստահության հարցն է այս տարածաշրջանում: ԵՄ-ն համապատասխան վստահություն չի վայելում»,- նշեց նա` հավելելով, թե կարելի է ասել, որ եվրոպական քաղաքականությունը տարածաշրջանում ձախողվել է:
Կիրառական եվրոպագիտության կենտրոնի տնօրեն Սրջիան Դյուրովիչը նշեց, թե համաձայն է, որ ԵՄ-ի համար պետք է տեսլական լինի, ԵՄ-ն պետք է ավելի հստակ սահմանի իր արժեքները, շահերը, որպեսզի ավելի գրավիչ լինի, այդ դեպքում միայն «Արևելյան գործընկերության» ծրագիրը ավելի ուժեղ կլինի:
Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Ռաուլ դե Լյուցենբերգերը, անդրադառնալով հնչած քննադատությանը, ասաց. «Եթե սեփականատիրոջ հետաքրքրությունը չկա` գազարը կարող է գրավիչ չլիներ: Եթե չունեք ընդհանուր համախմբվածություն` այս հսկայական աշխատանքը չի կատարվելու: Այո, մենք սխալներ անում ենք, բայց եթե, մյուս կողմից, յուրաքանչյուր սխալ չունի իր տերը` դրական ոչինչ չի լինի: Դուք հնարավորություն ունեք շատ աշխատանք անելու, բայց միևնույն ժամանակ ճնշում չկա, սա արդեն երկրին է պատկանում, երկիրը պետք է ընտրի: «Արևելյան գործընկերությունը» լավ ծրագիր է: Ես համաձայն եմ, որ մենք պետք է տարբերակենք երկրներին: Մենք միշտ փորձել ենք երկրի հետ միասին սահմանել նպատակները և նպաստել հասնելու այդ նպատակներին: Այն, ինչ մենք սկսել ենք, ամենակաևորը գործընթացի նկատմամբ սեփականատիրոջ զգացումն է: Ես չեմ ժողովրդավարացնում Հայաստանը, հայերն են ժողովրդավարացնում Հայաստանը, մեր դուռը բաց է, դուք պետք է անցնեք դրանով: Ես չէի ասի, որ մենք հեռանկար, տեսալական չունենք, գուցե շատ հստակ չէր, երբ սկսվեց Եվրոպական քաղաքականության ծրագիրը, բայց այսօր հստակ է, մենք ունենք տեսլական: Բոլորը ցանկանում են վաղը դեմոկրատական տեսնել Հայաստանը, բայց ժամանակ է պահանջվում»,- հայտարարեց նա: Ռաուլ դե Լյուցենբերգերը կարևորեց այն, որ Հայաստանում աշխատում է ամենակարևորը` «Հայաստանը փոխելու գաղափարը»: