Ինչի՞ կարող էր հասնել ԵԱՀԿ-ն առանց իրավապաշտպան ՀԿ-ների

14:54 | 2011-10-06 | Հայաստան | Հասարակություն |
Լրահոս
Այսօր մեկնարկած` «Ինչպիսի՞ն է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով եռօրյա համաժողովի նիստի թեմաներից մեկն էր` «Քաղաքացիական հասարակության դերը՝ որպես հանրային շահերի պաշտպան. արդյո՞ք մենք որևէ ազդեցություն ունենք»:

Հանրային քաղաքականության մշակման կենտրոնի տնօրեն Գորան Բուլդիոսկին խոսեց ՀԿ-ների դերի ու ազդեցության մասին: «Ավելի ու ավելի ապրում ենք պոպուլիստական աշխարհում: Քաղաքացիական հասարակությունը շատ ժամանակ ունենում է ճիշտ տեղեկություններ, սակայն դա փաթեթավորելու, ծախելու համար չունի իրական մոդելներ»:

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը խոսեց իրավապաշտպան ՀԿ-ների մասին: «Առանց իրավապաշտպան ՀԿ-ների՝ ԵԱՀԿ-ն ինչի՞ կարող էր հասնել: Ի՞նչ ապագա եմ ես տեսնում իրավապաշտպանների նոր դերակատարման հարցում: Նոր դերի որոշ տարրեր այս պահին քիչ թե շատ կայացած են և կենսունակ: Իրապաշտպանների դերը պետք է իր տեղն ու ազդեցությունն ունենա կառավարման համակարգում»,- ասաց նա:

«Քաունեթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան»-ի ղեկավար Ալեքս Սարդարը, խոսելով ազդեցության մասին, հարց ուղղեց՝ օրինակ` մեր աշխատանքը ինչ-որ հետևանք թողնո՞ւմ է հանրային շահի պաշտպանության հարցում: «Ազդեցությունը պետք է լինի շարունակական , մի քայլը պետք է հենվի մյուս քայլի վրա: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են բերել մի բան, որոնց կառավարությունները չեն հասնում»:

Խոսելով լեգիտիմության մասին՝ Գ.Բուլդիոսկին նշեց, որ վստահության արժանացածները հաճախ կորցնում են այն, և այստեղ վակում է առաջանում, որը պետք է լցնեն հենց ՀԿ-ները:

Ա.Սարդարը նկատեց, որ մենք երբերմն թույլ ենք տալիս այն, ինչ մերժելի է, օրինակ՝ կոռուպցիան. «Մենք հաճախ չունենք այն մոտեցումները, թե ինչպես պետք է մատուցենք «ճիշտը»: Պարտադրե՞լ ու ասել` հետևի՛ր իմ բարոյական ուղենիշին` այդպես որևէ արդյունքի չես հասնի, որովհետև մեկը կարող է ընդունել, որ կնոջը ծեծելը վատ բան է, իսկ գյուղում ապրող մեկը` ոչ»:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը: Մաղթում ենք հաճելի քննարկում:
Ամենաընթերցվածները