Պոպուլիզմի դեմ պայքարել պետք չէ
11:52 | 2011-10-06 | Հայաստան | Հասարակություն |

«Ինչպիսի՞ն է Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով եռօրյա համաժողովի մասնակիցները խոսեցին «արաբական գարնան» առաջացման, պատճառների մասին: Նրանք, անշուշտ, կարևորեցին տեսական գործոնը, որը էական դեր ունեցավ արաբական աշխարհի ժողովրդավարական ալիքի համար, սակայն շեշտեցին նաև այն երիտասարդի դերը, ով, վճարելով իր հեռախոսի վարձը, համացանցով կարողացել է իրավիճակ փոխել:
Ծավալված քննարկմանը հարց հնչեց, թե՞ ինչ պետք է անի քաղաքացիական հասարակությունը, որպեսզի հակազդի բացասական երևույթներին: «Առանց փուչիկի բում չկա, ցանկացած փուչիկ, ի վերջո, պայթելու է»,- ասաց «Բաց հասարակության հիմնադրամի Միջազգային ծրագրերի հարցերով փոխտնօրեն Ռայնա Գավրիլովան»:
Գորդանա Յանկովիչը` Լոնդոնից, ով ԲՀՀ-ի Լրատվամիջոցների ծրագրի տնօրենն է խոսեց ժողովրդավարական գործընթացներում մեդիայի ազդեցության մասին՝ նշելով, որ շատ հաճախ բացակայում են փաստերը, երբ գերիշխում է մեդիան. «ԱՄՆ-ում օրինակ կա այնպիսի բևեռացում, որտեղ փաստերը կորչում են: Մակեդոնիայում իրական հարցերի ազդեցությունն է բացակայում, քանի որ բանավեճը դարձել է կուսակցությունների միջև բանավեճ»:
Համաժողովին հարց հնչեց պոպուլիզմի բացասական ազդեցության մասին, ինչպես նաև այն մասին թե ոչ ժողովրդավարական ռեժիմների հարցում ո՞րն է միջազգային կազմակերպությունների դերը, չէ՞ որ նրանք երկակի ստանդարտներ են կիրառում, իսկ ավտորիտար ռեժիմներն օգտագործում են օրենքը, բայց օրենքի իշխանություն չեն հաստատում:
Գ. Յանկովիչը կարևորեց անհատի դերը` գաղափարների առաջ մղման հարցում, իսկ ժողովրդավարական ինստիտուտների լիարժեքությունը հետհեղափոխական փուլում շատ կարևոր համարեց, թեև մինչ հեղափոխությունները` դրանք կարծես հասարակության շրջանում համարվում են անլիարժեք:
Նյու Յորքից ժամանած Ռայնա Գավրիլովան ասաց, որ պոպուլիզմը նոր երևույթ չէ, դրա դեմ պայքարել պետք չէ, «դրա դեմ պայքարը մեր աշխատանքն ավելի արդյունավետ չի դարձնում, այստեղ քաղաքացիական հասարակության դերն է կարևոր»:
Եվրասիայի քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու Ջեֆ Գոլդսթայնը նշեց, որ, եթե երկրները սատարում են որևէ դիկտատորի` դա վատ է անդրադառնում հասարակության վրա, և հանուն ժողովրդավարության պայքարողների համար սա լուրջ խնդիր է: