20 տարի առանց Սվո Ռաֆի

22:00 | 2013-07-10 | Հայաստան | Հասարակություն |
Լրահոս

Շրջափակված Երևանի բնակիչների համար 1993 թվականի հունիսի վերջը նշանավորվեց երկու օր շուրջօրյա հոսանք ունենալով: Երկժամյա խիստ էլեկտրառեժիմի զգալի հավելումը մեծամասնության կողմից ընկալվեց որպես իշխանությունների շռայլ նվեր, սակայն դա այդպես չէր, գրում է crimelife.info-ն:

Մայրաքաղաքում հուղարկավորում էին քրեական աշխարհի հեղինակություն Ռաֆայել Բաղդասարյանին՝ հայտնի Սվո Ռաֆ անվամբ: Պակաս պարադոքսալ չէր այն, որ էլեկտրականության շռայլությամբ երևանցիները պարտական էին... ադրբեջանցիներին` հանգուցյալի ընկերներին: Իրար հետ պատերազմող Հայաստանի և Ադրբեջանի միջև այն ժամանակ, ինչպես այժմ, ոչ մի կապ չկար: Սակայն քրեական աշխարհի համար չկան ոչ սահմաններ, ոչ էլ ազգություն: Բաքվից բերված մազութով էլ հենց հունիսի 25-27-ը աշխատեց Երևանի ՋԷԿ-ը...



Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) տեղեկանալով Ռաֆայել Բաղդասարյանի մահվան լուրին` ասել է. «Ես կորցրի եղբորս»: Ճիշտ նույն կերպ նրա մասին կարող էին արտահայտվել հանցավոր աշխարհի շատ այլ հեղինակություններ ևս: Թուրքիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից և Իտալիայից երկու չարթերային չվերթներ Երևան էին հասցրել հանցավոր աշխարհի ներկայացուցիչների, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց գործընկերոջը...

Սվո Ռաֆի մահվան 20-րդ տարելիցի առիթով Երևան էր պատրաստվում գալ Ռուսաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը՝ Ասլան Ուսոյանը, նույն ինքը` Դեդ Հասանը: Սակայն հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում նրա վրա մահափորձ կատարվեց:

Հրապարակախոս, քրեագետ Սերգեյ Գալոյանը ծանոթ է շատերի համար փակ աշխարհի հետ: Նրան բախտ է վիճակվել հանդիպել և Դեդ Հասանի, և Յապոնչիկի, և այդ յուրահատուկ աշխարհի այլ ներկայացուցիչների հետ: Նա գրել և հրատարակել է Ռաֆայել Բաղդասարյանի մասին երեք գիրք: Ինչպես ասում է Գալոյանը, Սվո Ռաֆի մասին իր գրքի ռուսերեն թարգմանությունն արվել է Իվանկովի խորհրդով, ով պատրաստվում էր այն մեկ միլիոն տպաքանակով հրատարակել Ռուսաստանում: Սակայն 2009 թվականի հունիսին նրա վրա կատարված մահափորձը, ապա և մահը ի չիք դարձրին դրա իրականացումը:




Ստորև ներկայացնում ենք «Նույն այն Սվո Ռաֆը» գրքից հատվածներ:

Ինչպես սկսվեց ամեն բան

1994 թվականն էր... Եվ չնայած պատերազմի ավարտը մոտ էր, ժամանակները խառն էին: Ոչ ոք չէր կարող իրեն հանգիստ զգալ, և ոչ ոք վստահ չէր իր վաղվա օրվան:

Մինչ պատերազմը սկսվելը օրվա հաց հայթայթելու համար Հայաստանի տարբեր գյուղերից Երևան տասնյակ հազարավոր մարդիկ էին եկել: Ապարանցիներն ապրում էին հիմնականում Նորագյուղում և Կիլիկիայում, գավառցիները՝ Երրորդ մասում: Վեդիից, Արտաշատից, Սարդարապատից (ներկայումս Արմավիրի շրջան) եկածներն իրենց տները կառուցում էին Գետառում:

Նման մի տուն էլ կառուցեցին Ջաֆարապատ գյուղից եկած Մկրտիչ և Ռեբեկա Բաղդասարյանները: Պատանիներին ոգեշնչում էին «Ֆանֆան Տյուլպանը», «օրենքով գողեր» Գեղեցիկ Ֆելոն, Կոստոն ու Ժոժոն, Յոնջալախի Եգորը: Հենց այդ ժամանակ էլ Ռաֆիկը ծանոթացավ Գոգոյի հետ, ով այն տարիներին մեծ համբավ էր վայելում: Դրանից հետո Ռաֆիկը սկսեց երբեմն բաց թողնել դասերը...

Ռաֆայել Բաղդասարյանի մահվանից հետո նրա քույրը` Ալլան, խոստովանել է. «Մեր փողոցում համարյա ամեն օր կռիվներ էին լինում: Ռաֆիկն անցումային տարիքում էր, և հայրս հաճախ ծեծում էր նրան, որպեսզի լսող որդի մեծանա... Եթե հայրս ավելի փափուկ լիներ, հնարավոր է՝ Ռաֆիկի ճակատագիրն այլ կերպ դասավորվեր: Սակայն հայրս վարվում էր այնպես, ինչպես ճիշտ էր գտնում, որպեսզի իր միակ որդին լավ կրթություն ու դաստիարակություն ստանար»: Ինչևիցե, 15-ամյա Ռաֆայել Բաղդասարյանը փախչում է տանից, հետո հեռանում Երևանից՝ բնակություն հաստատելով Մոսկվայում...

                                                                                                                                                                                    Անհավատալին՝ ակնհայտ

Նիկոլայ Աբրամովիչ Զյուֆելդը ուղիղ ժամը 17:00-ին փակեց ոսկերչական արհեստանոցը և սև պորտֆելը թափահարելով՝ Ֆիրդուսիի փողոցով անշտապ իջավ դեպի Տաշքենդի երկաթուղային կայարան: Բացեց այնտեղի իր պահոցը, պորտֆելից հանեց փաթեթը, այն դրեց պահոցում եղած ճամպրուկի մեջ, որից հետո կրկին փակեց դուռը և հանգիստ ուղևորվեց տուն: Նա ճանապարհից 300 գրամ երշիկ, մի քանի ձու և բատոն հաց առավ ու մտավ իր բնակարան... Ուղիղ 20:30-ին Զյուֆելդի դուռը թակեցին: Ծերուկ Աբրամովիչը բացեց դուռը, և ոստիկանի հետ ներս մտավ նաև մեկ այլ մարդ:

- Մենք պետք է խուզարկություն կատարենք,- ասաց վերջինս:

Փոքր երկսենյականոց տան խուզարկությունը երկար չտևեց: Գտնվեցին երկու ոսկե մատանիներ, մի փոքրիկ շափյուղա և 200 ռուբլի: Ամսական 95 ռուբլի աշխատավարձ ստացող մարդու համար այս խնայողությունը լրիվ տրամաբանական էր: Ինչ վերաբերում է մատանիներին և շափյուղային, ապա Աբրամովիչը բացատրեց, որ շտապ պատվերների դեպքում տանն էլ է աշխատում:

- Սա ամբո՞ղջն է, ինչ որ ունեք, Նիկոլայ Աբրամովիչ,- հետաքրքրվեց փոխգնդապետը:

- Իսկ ուրիշ ի՞նչ պետք է լիներ,- զարմացավ ոսկերիչը:

- Դե, գոնե երկաթուղային կայարանի թիվ 36 պահոցի բանալին:

- Ի՞նչ բանալի, ի՞նչ պահոց,- զայրացած հարցրեց Զյուֆելդը:

- Պրն կրտսեր լեյտենանտ, մեր մեքենայով Նիկոլայ Աբրամովիչի հետ ուղևորվեք կայարան և բերեք նրա պահոցի կարմիր ճամպրուկը:

Զյուֆելդը հասկացավ, որ Պետանվտանգության կոմիտեին շատ բան է հայտնի, եթե ոչ ամեն ինչ: Ով կարող էր մատնել իրեն: Հարևաննե՞րը: Բայց զգուշավոր ոսկերիչը շատ քիչ էր շփվում հարևանների հետ: Նիկոլայ Աբրամովիչի մտքով իսկ չէր անցնում, որ իր հետքի վրա ոստիկաններին դուրս է բերել իր արհեստանոցի դիմաց աշխատող, «Ֆերգանի բազե» մականունը կրող կոշկակար Անվար Զինաֆուտդինովը: Յոթ տարի բանտում նստելուց հետո նա ընդամենը մեկ տարի առաջ էր հաստատվել Տաշքենդում: Հենց Անվարն էր Տաշքենդում հայտնաբերել Զյուֆելդին՝ Խորհրդային Միության ընդհատակյա միլիոնատերերից մեկին: Այդ մասին նա հայտնել էր Սվո Ռաֆին, ում հետ ընկերացել էր բանտում: Վերջինս որոշել էր Զյուֆելդին «ազատել» ավելորդ գլխացավանքից:

Ոստիկանները արձանագրություն կազմեցին, դրա տակ դրեցին իրենց ստորագրությունները, ինչից հետո փոխգնդապետն ասաց.

- Պրն Զյուֆելդ, վաղը ժամը 11:00-ին պետք է լինեք Ուզբեկստանի Պետանվտանգության կոմիտեի 261-րդ սենյակում:

Առգրավված թանկարժեք քարերը, ոսկեղենը և գումարը նրանք լցրեցին պարկի մեջ և այն կնքեցին:

Հաջորդ օրը 11:00-ին Զյուֆելդը Ուզբեկստանի Պետանվտանգության կոմիտեի ընդունարանում էր: Սակայն հերթապահ սպան նրա անունով որևէ անցագիր չգտավ: Մի քանի րոպե անց ոսկերիչին ուղեկցեցին բաժանմունքի ղեկավարի տեղակալի աշխատասենյակ: Սակայն Զյուֆելդը, ի դեմս նրա, չճանաչեց փոխգնդապետ Իլյինին: Ցածրահասակ, սպիտակող մազերով փոխգնդապետը ոչնչով չէր հիշեցնում նախորդ օրվա հաղթանդամ փոխգնդապետին...

Զյուֆելդի հետ զրույցից հետո փոխգնդապետ Իլյինը հրահանգեց ստուգել բոլոր կասկածյալներին: Անգամ Մոսկվա՝ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտե հեռագիր ուղարկվեց: Սակայն վարպետորեն կատարված այդ կողոպուտը այն ժամանակ չհաջողվեց բացահայտել: Ռաֆայել Բաղդասարյանը գործել էր անսխալ՝ գրեթե հետքեր չթողնելով: Սակայն մեկ տարի անց՝ 1973 թվականին, նա ձերբակալվեց: «Սուրոկ» մականունով նրա համախոհ Ալեքսեյ Սուրկովը, ով Զյուֆելդին ներկայացել էր իբրև ոստիկանության կրտսեր լեյտենանտ, ձերբակալվեց Թբիլիսիում: Բանտախցում, չկարողանալով դիմանալ առանց թմրանյութերի, Սուրկովը ամեն ինչ պատմում է ոստիկանությանը:

Նա օգնում էր իր հայրենակիցներին

Սվո Ռաֆի ընկերներից Լևոն Սողոմոնյանը պատմում էր, որ նա Տուլայի զինագործարանից Մոսկվա եկող և Բաքու զենք տեղափոխող մեքենաները, մի գիշերվա ընթացքում կատարված գործողության արդյունքում, ուղարկում է Արցախ: Նա նաև իր շրջապատի մարդկանց օգնությամբ ճեղքում է Հայաստանի շրջափակումը և մթերք ու հագուստ հասցնում Հայաստանի ու Արցախի պաշտպաններին: Ավելին` Լևոն Սողոմոնյանի խոսքով, Ռաֆայել Բաղդասարյանը իր ադրբեջանցի օգնական Փիքրեթ Մագերամովի միջոցով հայ մարտիկներին 14 մլն ռուբլի է փոխանցում: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է...

Հանցավոր աշխարհում նա ամեն ինչ կարող էր

Ստորև կրճատումներով ներկայացվում է «Իզվեստիա» թերթի 1993 թվականի հունիսի 25-ի համարում տպագրված Վադիմ Բելիխի հոդվածը:

Հունիսի 23-ին՝ առավոտյան 11:10 րոպեին, մոսկովյան հիվանդանոցներից մեկի հատուկ բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացել է 1930 թվականին ծնված Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը: Նա առավել հայտնի է որպես «օրենքով գող» Սվո Ռաֆ: Տասնյակ տարիներ նրա անունը սարսափ էր սփռում Խորհրդային Միության հանցավոր աշխարհի ներկայացուցիչների վրա: Սվո Ռաֆին լավ գիտեին Ինտերպոլում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների ոստիկանություններում:

Պատանի Ռաֆիկը դպրոց գնացել է ութ տարեկանից, տասնմեկ տարեկանում կատարել է առաջին գողությունը: Վեցերորդ դասարանում թողել է դպրոցը:

1944-84 թվականների ընթացքում մի քանի անգամ գողության, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու մեղադրանքով ենթարկվել է քրեական պատասխանատվության: Բաղդասարյանն ունի 15 դատվածություն, պատժաժամկետները կրել է ամբողջությամբ՝ «զանգից զանգ»: Բանտային ընդհանուր ստաժը՝ 34 տարի:

Ճամբարներում և բանտերում Սվոն խախտել է ռեժիմները, հրաժարվել աշխատել: Հարձակվել է բանտային պաշտոնյաների վրա, փորձել փախչել: Քննիչների համար ևս նա նվեր չի եղել: Իր երկար և բուռն կյանքի ընթացքում չի տվել ոչ մի ցուցմունք, չի ստորագրել ոչ մի արձանագրություն:

1972 թվականին նրան թագադրել են «օրենքով գող»: Հանցավոր աշխարհում Սվոն առավել մեծ դեր ունեցել է 1988 թվականից՝ իր ընկեր և այն ժամանակվա առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո:

Սվոյին վերջին անգամ ձերբակալել են 1992 թվականի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը իրավապահները ներխուժեցին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար: Այնտեղ էին գտնվում Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտ տարօրինակ տեսքով ինքնաձիգ գտնվեց: Ինչպես հետո պարզվեց, դա 9 մմ տրամաչափի, խլացուցիչով հայտնի ատրճանակ-գնդացիր «Այգրամն» էր: Այն թողարկվում է ծայրահեղ սահմանափակ թվաքանակով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների համար և երազանք է ահաբեկիչների ու վարձու մարդասպանների համար: Բացի մի շարք առանձնահատկություններից, ատրճանակի մակերեսին մատնահետքեր չեն մնում:

Կարմիր կազմով գրքեր

Սվոյի նկատմամբ վերջին «որսը» բացեցին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրանք իրենց ռուս գործընկերներին տեղեկացրեցին, որ Ռաֆիկ Բաղդասարյանը իրենց ձանձրացրել է կեղծ փաստաթղթերով ամերիկյան վիզա ձեռք բերելու փորձերով: 

Պարզվեց՝ Բաղդասարյանը արտասահմանյան երեք անձնագիր ունի: Դրանցից մեկում համարյա ամեն ինչ՝ անունը, ազգանունը, համապատասխանում էին իրականությանը: Փոխված էր միայն ծննդյան տարեթիվը: Աննշան այս դետալը 34 տարի բանտում անցկացրած մարդուն թույլ էր տալիս չդատված երևալ:

Այս անձնագրով Սվոն այցելեց Բելգիա, Հոլանդիա և ի վերջո` Գերմանիա: Նույն անձնագրով նա ցանկացել էր մուտք գործել ԱՄՆ, սակայն ամերիկացիները չէին ցանկացել իրենց երկիր թողնել «չպարզված» ծննդյան տարեթվով մարդուն: Առայժմ անհայտ է՝ ինչու նույն կերպ չէին վարվել գերմանացիները, որոնք ևս հիանալի գիտեին՝ ով է իրենց երկիր գալիս:

Ամերիկացի չինովնիկների մերժումը «օրենքով գողին» չի շփոթեցնում, և Ռուսաստանի Մշակույթի նախարարության իր ընկերների օգնությամբ Սվոն երկու նոր արտասահմանյան անձնագիր է ձեռք բերում՝ մեկը Ռաֆայել Սողոմոնյանի, մյուսը՝ Ռաֆայել Ալեքսանյանի անուններով:

Կնքահոր վերջին օրերը

Չհայտնվելով Նյու Յորքում՝ Բաղդասարյանը շարունակում էր ապրել «Մինսկ» հյուրանոցում: Վստահելի աղբյուրների տեղեկացմամբ` նա շատ ժամանակ էր տրամադրում հայաստանյան մարտական կազմավորումներին զինամթերք ուղարկելուն: Ձերբակալվելուց մի քանի օր առաջ խոսակցություն էր գնում զենիթային համակարգերի մատակարարման գործարք կնքելու մասին: Դեկտեմբերի 21-ին «Մինսկ» հյուրանոցի համար Գերմանիայից զանգ եկավ: Զգուշացնում էին՝ սպասել ծանրոցի: Դեկտեմբերի 23-ին Մագերամովը դիմավորեց համապատասխան մարդուն, նրանից վերցրեց «Այգրամը» և բերեց հյուրանոց: Շուտով ներխուժեցին իրավապահները:


Մեկուսարանում նրան ծեծում է բանտախցի մի բանտարկյալ: Պահանջում է, որպեսզի «օրենքով գողը» մասնակցի տարածքի մաքրման աշխատանքներին: Հունիսի 13-ին գալիս են գերմանացի ոստիկանները: Նրանք ցանկանում էին Սվո Ռաֆին հարցեր տալ իրենց տարածքում կատարված մի քանի սպանությունների վերաբերյալ: Սակայն նրան այդպես էլ տեսնել չեն կարողանում: Հունիսի 18-ին Սվոն սկսում է արյուն փսխել: Նրան տեղափոխում են հիվանդանոց և շտապ վիրահատում: Հունիսի 19-ին գերմանացիները գնում են, իսկ հունիսի 23-ին Սվոն մահանում է՝ ոչ ոքի ոչինչ չպատմելով...
Ահա թե ինչ է պատմում նրա քույրը՝ Ալլա Բաղդասարյանը. «Հունիսի 23-ին պետք է Ռաֆիկին մեկուսարանից ազատ արձակեին, քանի որ ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել: Դրանից մի քանի օր առաջ ես մեկնեցի Մոսկվա՝ նրան դիմավորելու և տուն ուղեկցելու: Ամսի 20-ին մենք ՝ հարազատներս, պետք է նրան մթերք ուղարկեինք, սակայն դրանք չընդունեցին՝ ասելով, որ նրա մոտ ևս երկու հոգու են տեղավորել: Հետո պարզվեց, որ այդ ժամանակ իմ եղբայրը հիվանդանոցում էր:

Ես խոսեցի եղբորս մերձավոր մարդկանց և պետանվտանգության աշխատակիցների հետ: Նրանք բոլորն էլ հերքեցին բանտախցի մարդու վարկածը, ով իբրև Ռաֆիկին ստիպել էր մաքրել տարածքը: Այդ մարդը չէր կարող ինչ-որ բան պահանջել Ռաֆիկից, և առավել ևս՝ ծեծել նրան: Նա նույնիսկ չէր համարձակվի «օրենքով գողի» մոտ ձայնը բարձրացնել:

Ոստիկանության և պետանվտանգության հորինած սուտը հաստատում է, որ նրանք կոպտագույն խախտումներ են թույլ տվել: Մեր կողմից հիվանդանոց բերված արյունն ու դեղորայքը չընդունեցին: Բուժանձնակազմը երկար ժամանակ հերքում էր, որ Ռաֆիկն իրենց մոտ է՝ ասելով, որ իրենց մոտ ոմն Աշոտ Բալայան է: Մենք բուժքրոջը խնդրեցինք նկարագրել Աշոտ Բալայանին: Նա ասաց, որ վերջինիս կրծքին արծիվ է դաջված: Հասկացանք, որ դա Ռաֆիկն է: Հինգ րոպե անց եկած բժիշկը հայտնեց «Աշոտ Բալայանի» մահվան մասին: Հենց այդ անվամբ պիտակով էլ նրան տարան դիահերձարան»:

Սվոյի զարմուհի Նելլի Տեր-Սահակյանի խոսքով, նրա մարմինը լրիվ այլանդակված էր: Բժիշկները կտրել էին ամեն բան, ինչ կարող էին, որպեսզի քողարկեին հանցագործության նշանները, և որպեսզի Երևանում Ռաֆայել Բաղդասարյանի մահվան պատճառը չպարզվեր:

Նրա բարեկամները համոզված են, որ իրենց հարազատին սպանել են թիվ 20 հիվանդանոցում, չնայած դատաբժշկական եզրակացության մեջ որպես մահվան պատճառ նշված է ներքին արյունահոսությունը...

Պատրաստեց Անի Ղազարյանը

Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները