Հայաստանում 86%-ի համար ԵՄ-ը վստահելի գործընկեր է. հարցում

16:55 | 2013-04-26 | Հայաստան | Հասարակություն |
Լրահոս
Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը Եվրամիությունը համարում է կարևոր գործընկեր իրենց երկրի համար, և կցանկանային, որ այդ կազմակերպությունն ավելի կարևոր դերակատարում ունենար: Ինչպես հաղորդում է «Կավկազ Օնլայն»-ը՝ վկայակոչելով Եվրոպական հարևանության կենտրոնի կայքը, այս մասին վկայում են «Եվրոպական հարևանության բարոմետր» նախագծի անցկացրած սոցիալական հարցումները:

Հարցումն անցկացվել է 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 1003 մասնակիցների շրջանում: Հայերի 86%-ը ԵՄ-ն համարում է կարևոր գործընկեր, իսկ 73%-ի կարծիքով՝ Հայաստանը և ԵՄ-ն ունեն շատ ընդհանուր արժեքներ, որոնք կարող են նպաստել համագործակցության խորացմանը:

Հարցման մասնակիցների 85%-ը կցանկանար, որպեսզի ԵՄ-ն ընդլայներ իր մասնակցությունը Հայաստանի տնտեսության, 87%-ը՝ առևտրի, 74%-ը ժողովրդավարության, 78%-ը՝ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության 63%-ը վստահում է ԵՄ-ին ավելի քիչ, քան ՄԱԿ-ին (68%), իսկ ավելի շատ, քան ՆԱՏՕ-ին՝ 48%-ը: Հայաստանի կառավարությանը վստահում է 52%-ը, խորհրդարանին՝ 38%-ը, քաղաքական կուսակցություններին՝ 37%-ը:

Հայերի միայն 23%-ն է կարծում, որ երկիրը ընթանում է ճիշտ ուղով, 61%-ը ընտրված ուղին սխալ է համարում: 72%-ը տնտեսության վիճակը վատ է գնահատում, իսկ 31%-ը համոզված է, որ այն կշարունակի վատանալ:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները