Լիսկայի որդու մազի և մեզի փորձաքննությամբ թմրանյութ է հայտնաբերվել․ ՊՆ ՔԾ

15:33 | 2013-09-11 | Հայաստան | Իրավունք | Մարիամ Գրիգորյան
Լրահոս
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ցավում եմ, որ նման դեպք է եղել, խորին ցավակցություններս եմ հայտնում Բուդաղյանների ընտանիքին Ավետիք Բուդաղյանի մահվան կապակցությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով Գորիսում հունիսի 1-ին հնչած կրակոցների վերաբերյալ մանրամասներ:

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, թե Սուրեն Խաչատրյանի մոտ ապօրինի ինքնաշեն զենք է եղել, իսկ դրա համար վերջինս քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Այս առիթով ասեմ, որ առգրավվել է երկու ատրճանակ, դրանցից մեկը պատկանել է Ավետիք Բուդաղյանին, մյուսը՝ Սուրեն Խաչատրյանին: Կատարված դատաձգաբանական, դատաքիմիական,դատահետքաբանական համալիր փորձաքննության արդյունքում հիմնավորվել է, որ դեպքի վայրում գործածվել է երեք զենք. մեկը՝ Տիգրան Խաչատրյանի մոտ, որից հինգ գնդակ է արձակվել, մյուսը՝ Զարզանդ Նիկողոսյանի, որից արձակվել է վեց գնդակ, իսկ Ավետիք Բուդաղյանի զենքից արձակվել է երկու գնդակ»:

Ա. Հարությունյանի խոսքով՝ Սուրեն Խաչատրյանին պատկանող զենքը չի գործածվել, և այն օրինական է եղել. «Այդ հրազենը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ՝ դեպքից հետո. միայն ինքնաշեն լինելու հանգամանքը քրեական պատասխանատվության հիմք չէ:

Բացի այդ, Հայկ Ալումյանը նշում էր, որ Արտակ և Ավետիք Բուդաղյաններին թիկունքից են կրակել. համալիր փորձաքննությունների եզրակացություններով հիմնավորվել է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել, պատճառվել են միևնույն զենքով, որը գործածվել է Տիգրան Խաչատրյանի կողմից: Ավետիք Բուդաղյանի մարմնական վնասվածքներից մեկը Զարզանդ Նիկողոսյանի կողմից է պատճառվել, այլ բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել ո՛չ Արտակ, ո՛չ Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա »:

Բանախոսի հավաստմամբ՝ «Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել են վեց վնասվածքներ, դրանցից երկուսը մուտքի անցքեր և կույր մարմնական վնասվածքներ են, մյուս երկուսը՝ եղել են միջանցիկ, ընդհանուր՝ երկու մուտքի, երկու՝ ելքի անցք: Արտակ Բուդաղյանի մարմնի վրա եղել է մեկ հրազենային վնասվածք, որից մեկը՝ կույր»:

Արմեն Հարությունյանն անդրադարձավ նաև Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, թե կրակոց է հնչել պատշգամբի երկրորդ հարկից, և ասաց. «Կրակոց է եղել երկրորդ հարկի պատուհանից: Բացի այդ, ըստ Ալումյանի՝ Լորետա Բարսեղյանը ասել է՝ այս ի՞նչ արեցիր, բա ասում էիր, որ նման բան էլ չի լինի: Առանձնատան այն հատվածը, որը հարակից է դեպքի վայրին, և որտեղից կարելի էր կրակոցներ արձակել, պատշգամբ չունի, այդ հատվածից չէր կարող լինել կրակոց, այն էլ՝ վերևից: Ինչ վերաբերում է Լորետա Բարսեղյանի կողմից ամուսնուն ուղղված հանդիմանանքին, ապա վերջինիս ցուցմունքի համաձայն՝ ամուսինը քնած է եղել, հետևաբար ոչինչ նրան ասել չէր կարող»:

Արմեն Հարությունյանը բացառեց, որ նախաքննության մարմնի վրա ճնշումներ են եղել, և քրեական հետապնդումը դադարեցվել է ճնշումների հետևանքով: Նա բացառեց նաև տեսանյութի մոնտաժված լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանի կողմից թմրանյութ օգտագործելուն և Բուդաղյանների կողմից ալկոհոլ օգտագործելուն, ապա եզրակացությամբ ապացուցվել է, որ Արտակ Բուդաղյանից և Ավետիք Բուդաղյանից վերցրած արյան նմուշներում հայտնաբերվել է ալկոհոլ, իսկ Տիգրան Խաչատրյանի մեզից և մազից վերցրած անալիզներում հայտնաբերվել են թմրանյութեր, բայց ասել՝ դրա ազդեցության տա՞կ է եղել դեպքը, թե՞ ոչ, հնարավոր չէ, քանի որ մազի միջից թմրանյութի պարունակությունը երբեք չի անցնում, իսկ մեզի մեջ պահպանվում է 36 օր:


Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները