Հայաստանը Մաքսային միություն է գնում Միացյալ Նահանգների ցանկությամբ. Աշոտ Մանուչարյան

13:09 | 2013-09-14 | Հայաստան | Արտաքին քաղաքական |
Լրահոս
Սա նոր սկսված պատերազմ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը. «Շատերը այդ ստորագրությունը համարեցին խնդրի ավարտ, ամբողջ Հայաստանը չորս-հինգ տարի ապրում էր այդ հարցով, թե որ ուղին կընտրվի՝ Ռուսաստան, թե Եվրոպա... սա նոր սկսված պատերազմի սկիզբ է: Նախկինում կողմերը հույս ունեին, որ հանգիստ, հանդարտ ամեն ինչ կլուծվի, և մեկ էլ կատարվեց այն, ինչ կատարվեց: Անկասկած Ռուսաստանը գործածեց այն, ինչ խոսվում էր շատերի կողմից, շատ կոշտ մեթոդներ է օգտագործել: Չորս տարի ամբողջ հայաստանյան պրոպագանդան այն էր, թե ինչպես ենք գնում Եվրամիություն, մեկ էլ հանկարծ` այլ բան է որոշվում, սա միանշանակ եղել է կոշտ ազդեցության ներքո»:

Մանուչարյանի գնահատմամբ` այն, ինչ կատարվում է, միայն տեսքով է տնտեսական, իրականությունը շատ ավելի խորն է` աշխարհաքաղաքական, ռազմական և քաղաքական է. «Ճնշումը Ռուսաստանի անսպասելի էր քաղաքական դաշտի համար, բայց անսպասելի չէ Արևմուտքի և մասնավորապես Միացյալ Նահանգների համար, որ տեր ու տիրական են Հայաստանում արդեն երկար տարիներ:
Միացյալ Նահանգները երկու խնդիր ունի Հայաստանում. առաջին` պետական ապարատը վարի իր շահերից բխող քաղաքականություն, երկրորդ, որ այդ պետական ապարատը պահպանի իր դիրքերը:

Հայաստանը կարող էր շարունակել Միացյալ Նահանգների ընդունած քաղաքականությունը, բայց դա կարող էր բերել Ռուսաստանի կողմից շատ լուրջ հակահարվածի` իշխանությունից կզրկեին պետական ապարատը, սա թույլ չտալու համար կայացվեց այս որոշումը»:

Բանախոսի դիտարկմամբ` մեզ սպասվում է թեժ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր, և իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև որոշակիություն մտցվի: Նրա կարծիքով` Եվրոպան մեզ համար շատ կարևոր ուղղություն է, պետք է գնալ այդ ուղղությամբ, բայց այն չպետք է խառնել Եվրամիության հետ, որը, ըստ նրա, նույն ԱՄՆ է:

Պարոն Մանուչարյանից հետաքրքրվեցին՝ Մաքսային միությանն անդամագրվելը նշանակո՞ւմ է արդյոք վերադարձ դեպի Խորհրդային միություն. «Խորհրդային միությունը այնպիսի գերեզմանական ձայնով է ասվում կարծես դրանից վատ բան չկա: Խորհրդային միությունը շատ բացեր ուներ, բայց անհամեմատելի է այն ամենի հետ, ինչ այսօր կա աշխարհում: Հիմա այստեղ լուծվում է Հայաստանի ճակատագիրը, մարդիկ իրար պատրաստ էին գնդակահարել Եվրամիություն և Ռուսաստան հակառակ կարծիքների համար: Ես կարևորում եմ ազատամարտիկների այն գործունեությունը, որ սկսվել է... մենք կարող ենք ֆիզիկական և զինված բախման հասնել: Եթե չկարողանան այդ բանն անել, արևմուտքի համակարգերը բարձրացրել են սոցիալական համակարգի հարցը, դա կբերի»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական դասավորվածությանը, ապա ըստ Մանուչարյանի գնում է ուժերի հսկայական կոնսոլիդացիա երկու կողմից, սակայն վերջինս դժվարացավ նշել՝ բախման կհասնի՞ իրավիճակը, թե՞ ոչ թե ոչ:

Հարցին՝ ինքն անձամբ կողմ էր, որ Հայաստանը ոչ անդամագրվեր Մաքսային միությանը, ոչ էլ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեր, Մանուչարյանը պատասխանեց. «Եթե ես լինեի, ես թույլ չէի տա, որ Հայաստանն այս վիճակում հայտնվեր, ու որ այս ընտրության առաջ կանգներ:
Այն, ինչ կատարվում էր այս տարածքում մեր առաջարկով էր կատարվում նախկինում, իննսունականների սկզբին այդպիսի Հայաստան ունեինք, իսկ հիմա այդ ամենը փոխել են նրա հետ, որ մի հարյուր մարդ ամբողջ հարստությունը կարողանում է դիզել»:

Խոսելով այն մասին, թե այս իրավիճակը ինչի կհանգեցնի, Աշոտ Մանուչարյանն ասաց. «Կարծում եմ՝ ամենահավանականը լինելու է այն, որ մենք նոր Հայաստան ենք ունենալու, թույլ չենք տալու, որ այդ առճակատումը լինի: Ազատամարտիկների այսպիսի խնդրի գոյությունը լավ հնարավորություն է ստեղծել»:
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները