«Էլիտար» շղթայի մի օղակը կամ «խրախճանք` ժանտախտի ժամանակ»

08:46 | 2013-05-15 | Հայաստան | Վերլուծական | Հովհան Մանդակունի
Լրահոս
Երեկ բոլորի ուշադրության կենտրոնում Աբովյանն էր, որտեղ Գագիկ Ծառուկյանը եկեղեցի էր բացում և հրավիրել էր բոլոր-բոլորին: Եվ եթե օրվա առաջին կեսին հիմնական ուշադրությունը գրավել էին Ծառուկյանն ու նրա հյուրերը, հատկապես ընդդիմադիր չլինելու մասին ԲՀԿ առաջնորդի հայտարարության պայմաններում, ապա օրվա երկրորդ կեսին արդեն բոլորի ուշադրությունը բևեռվեց տարածված տեսանյութերի վրա, որտեղ երևում էր, թե ինչպես է եկեղեցու բացմանը հավաքված ժողովուրդը գրեթե հարձակվում եկեղեցու բակում բացված սեղանների վրա, երբ Գագիկ Ծառուկյանը սեղանի շուրջ մի կտոր հաց ուտելուց ու գինի խմելուց հետո հեռանում է:

Իրավիճակը շատ էր հիշեցնում «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի տեսարանը, երբ թագավորը իր սեղանի վրա մի երկու բան համտեսում է ու հեռանում, իսկ նրա հետևից սեղանի վրա են նետվում արքունականները՝ նրա թողածը վերջացնելու: Տեսարանն իսկապես անդուր է՝ թե ֆիլմում, և թե Աբովյանում, որը ֆիլմից ավելի զարհուրելի է, որովհետև ոչ թե պատմական Ֆրանսիայի գեղարվեստական պատկերում է, այլ ժամանակակից Հայաստանի իրականության արտացոլում:

Անկասկած է, որ այստեղ, իհարկե, խնդիրը միայն հասարակության սոցիալական վիճակը չէ: Խնդիրը ավելի շատ հոգեվիճակային է, գիտակցական: Ինչ խոսք, Աբովյանում հավաքվածների զգալի մասը միգուցե սոցիալապես անապահով, աղքատ մարդիկ էին: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չէին անի առավել ապահովվածները` հայտնվելով ձրի սեղանից մի քանի մետր հեռավորության վրա: Պետք է ընդունել, որ այստեղ գործ ունենք մշակութային արատի հետ, որը կա գրեթե բոլորի մեջ՝ ապահով, թե անապահով, պարզապես դրսևորվում է տարբեր կերպ:

Օրինակ` նույն վիճակն է, երբ օլիգարխը կամ պաշտոնյան ունենալով շատ, լինելով ապահով, միևնույն է շարունակում է կուտակել պետության հաշվին, չի դադարեցնում պետության թալանը: Չէ՞ որ նա արդեն ապահով է, բայց նա շարունակում է «ձրի» թալանը: Պետությունն էլ տվյալ դեպքում մի բացված սեղան է, որի վրա հարձակվել է ապահովների բանակը` անապահովներին թողնելով եկեղեցիների մոտ բացվող սեղանները:

Սա հոգեվիճակ է, որի փոփոխության ճանապարհը պետք է անցնի նախ մտքով, հետո նոր ստամոքսով: Բայց չկա այն «էլիտան», որը պետք է հասարակությանը ապրելու և վարվելու այլ արժեքներ փոխանցի, չկա այն «էլիտան», որը պետք է Հայաստանի կյանքում ձևավորի այնպիսի կանոններ և համակեցության նորմեր, որոնք կփոխեն հասարակությանը, կփոխեն հանրային հոգեբանությունը, որոնք բնազդով առաջնորդվող ժողովրդից կձևավորեն գիտակցությամբ ապրող քաղաքացիների հանրույթ:

Ընդհակառակը՝ ներկայիս «էլիտան» իր բոլոր գործողություններով հասարակության մեջ խորացնում է հենց ներկայիս հոգեվիճակն ու մշակույթը, կամ ինչպես տարբեր մտավորականներ են դիպուկ բնորոշել՝ հակամշակույթը, խորացնում են բնազդները, ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որտեղ բնազդներն են առաջ գալիս ինքնաբերաբար, իսկ գիտակցությունը սկսում է խանգարել: Աբովյանում տեղի ունեցածն այս «էլիտար» շղթայի հերթական մի օղակն էր:


Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Ստեփանյանի

Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել նյութին առնչվող մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա հանրային հարթակ է և զերծ մնալ ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումից: Արգելվում են նաև թեմայի հետ կապ չունեցող մեկնաբանություններն ու գովազդային նյութերի տեղադրումը:


Ամենաընթերցվածները