Այսօր ՀՀ ԿԲ-ն հրապարակեց մի քանի օր առաջ հաստատված դրամավարկային քաղաքականության 2010 թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը, որտեղ կանխատեսվում է, որ 2010թ. վերջին գնաճը (տասներկուամսյա) Հայաստանում կլինի 8.1%: Սա զգալիորեն գերազանցում է ոչ միայն գնաճի նպատակային միջակայքի վերին սահմանը (5.5%), այլև ԿԲ-ի` նախորդ կանխատեսումը: Այսպես, 2010 թ. հուլիսին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 2010 թ. վերջին` դեկտեմբերին, գնաճը կլինի 5.8%, այսինքն` նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ: Այս արտահայտությունը` «տարեվերջին գնաճը կլինի նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ», ԿԲ-ն շարունակում էր կրկնել օգոստոս, սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսների վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություներում: Իսկ հոկտեմբերի վերջին ԿԲ-ն, փաստորեն, վերանայեց իր կանխատեսումը, ընդ որում, շեղումը չափազանց մեծ է` 2.3%: ԿԲ-ն առավել հավանական է համարում կանխատեսվող գնաճից շեղում ավելի շատ աճման, ոչ թե նվազման ուղղությամբ: Այսինքն` հավանականությունը, որ գնաճը տարեվերջին կգերազանցի 8.1%-ը, ավելի մեծ է, քան թե այն, որ փոքր կլինի 8.1%-ից: