Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Էկվադորի դատարանը ամերիկյան նավթագազային Chevron ընկերությանը 8,6 մլրդ դոլարի տուգանք է ներկայացրել Ամազոնի անտառներն աղտոտելու համար: Ընկերության դեմ բողոքի հայցով հանդես են եկել Էկվադորի 30 հազար բնակիչներ, իսկ դրա քննարկումը ձգձգվել է ավելի քան 20 տարի:
Բացի այդ, ընկերությունը 15 օրվա ընթացքում պարտավոր է հասարակայնորեն ներողություն խնդրել հասցրած վնասների համար, այլապես տուգանքը կարող է կրկնապատկվել: Նախապես հայցվորները 27 մլրդ դոլարի տուգանք էին պահանջում և դեռ կարող են բողոքարկել դատարանի որոշումը: «Հաշվի առնելով գումարի քիչ լինելը՝ մենք ծրագրել ենք քննել իրավիճակն ու որոշել, թե արդյոք պետք է բողոքարկել այս որոշումը»,- հայտնել է հայցվորների ներկայացուցիչ Պաբլո Ֆախարդոն:
Chevron-ն դատարանի որոշումն անվանել է անօրինական և կատարման ոչ ենթակա, և հայտնել, որ բողոքարկելու է այն: Ամերիկյան ընկերությունում պնդում են, որ հայցվորները ճնշում են գործադրել մասնագետների վրա, և դատական որոշումը ոչ այլ ինչ է, քան «խաբեբայության հետևանք», որը հակասում է ապացուցված գիտական փաստերին: