Մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային առաջատար Human Rights Watch կազմակերպությունը Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացրել` անկախ լրագրողներին լռեցնելու համար քրեական օրենքներ ու բռնություններ գործածելու պատճառով: Human Rights Watch–ը մեղադրում է Բաքու քաղաքի ոստիկանությանը՝ լրագրողների վրա հարձակումներ կատարելու, ապա ինքնապաշտպանության փորձ կատարելիս` նրանց ձերբակալելու համար։
Ըստ ադրբեջանական Zerkalo պարբերականի` մեղադրանքները հրապարակվել են կազմակերպության «Ծեծվածներ, սեւ ցուցակներում ներգրավվածներ եւ ճաղերի հետեւում գտնվողներ. Ադրբեջանում խոսքի ազատության անհետացող տարածքը» հաշվետվությունում: Փաստաթղթում, որի ծավալը կազմում է 94 էջ, Իլհամ Ալիեւին կոչ է արվում ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին:
Հաշվետվությունում մեջբերվում է բանտարկության մեջ գտնվող ընդդիմադիր «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրի` էյնուլա Ֆաթուլաեւի գործը, որը բանտարկվել է իր հոդվածում ահաբեկչական սպառնալիքներ հրապարակելու, ազգային ատելության եւ թմրանյութեր պահելու մեղադրանքով: